Ո՞վ էր Արտյոմ Հակոբյանը մինչև նախարարի խորհրդական նշանակվելը

Շուրա, գնացեք Կիև և հարցրեք` ով էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը, և ձեզ կասեն, որ մինչև հեղափոխությունը նա կույր էր: 

Նա կույր էր, գող, հարուստ ու երջանիկ: Պանիկովսկին հպարտ էր իր մասնագիտությամբ, անկեղծ ու թերևս այդքանով ավելի արժանի հարգանքի, քան նրանք, ովքեր փորձում են «կուրանալ», մինչ այդ ունենալով «պայծառ տեսողություն»:

Իսկ այժմ գնացեք սպորտի նախարարություն և հարցրեք, ով էր ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը մինչև խորհրդական նշանակվելը և ձեզ կասեն, որ մինչև խորհրդական նշանակվելը նա օժտված էր «պայծառ տեսողությամբ» ու դժբախտ: Նշանակվելուց հետո հանկարծահաս «կուրությունը» նրան կվերադարձնի հոգեկան անդորրը, կդարձնի հարուստ ու երջանիկ: Եվ բնականաբար քանի որ մեղք է ուրախանալ մերձավորի դժբախտությամբ, մեզ ուրիշ ոչինչ չի մնում անելու, քան նորօրյա Պանիկովսկում մաղթել առանց հեղափոխությունների գոյատևություն: Մանավանդ, որ ըստ ռեժիսորի գնահատականի, մեզ մոտ ուրախանում են, երբ ինչ որ մեկի մոտ, ինչ -որ բան այն չէ:

Մինչև «կուրանալը» նորաթուխ խորհրդականը ոչ մի րոպե ավելի չէր ցանկանում ապրել Հայաստանում: Նրա իրավունքները ոտնահարում էին վամպիրների ոհմակը, իսկ առաջ գնալու համար պետք էր «սապոնվել» այդ ոհմակի անդամներից մեկին: Ըստ մեր խորհրդականի` մինչև բեմի վրա չտռես կամ հոնքերդ հանած նրբիկ տղա չլինես, ռեյտինգ չես ունենա, քանի որ մենք` անճաշակներս ենք պահանջարկի թելադրողները:

Սրանք գնահատականներ էին, որոնք կարդալուց հետո, բոլորս զարհուրած բացահայտված իրականությունից, պետք է Արտյոմին շտապ հասցնեինք օդանավակայան` համարելով երջանիկ մազապուրծ եղած: Տուն դառնալով` մտածեինք սեփական անձերիս փրկության համար, օր առաջ դուրս պրծնել այս տարտարոսից: Բայց մինչ կփորձեինք տարբեր երկրների դեսպանատներից ստանալ մուտքի թույլատվություն, ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

Հարգարժան ռեժիսորը «կուրացավ»` առաջացնելով մի շարք հարցեր, որոնք բխում են իր իսկ գնահատականներից: Նորաթուխ «կույրը» նշել էր առաջխաղացման երեք պայման, սապոնվել, տռել կամ հոնքերը հանել: Թե այդ նշանակման հիմքում նշվածներից որ գործոնն է դեր խաղացել, ինձ համար միևնույնն է, դա թողնում եմ ռեժիսորի ընտրությանը: Իրականում ինձ չի հետաքրքրում սույն պարոնի անձնական բարեկեցությունը:

Այդ երևույթի գնահատականը տվել է Օստապ Բենդերը` Պանիկովսկու թաղման ժամանակ: Արդյո՞ք բարոյական մարդ էր Պանիկովսկին: Ոչ, նա բարոյական մարդ չէր:

Ինձ մտահոգում է, որ մարդը կարող է մինչև վերջին բառերով պախարակել, անվանարկել սեփական երկիրն ու հասարակության մեծ մասին: Կարող է հնչեցնել գնահատականներ, որոնք վերջնագիր են իրենցից ներկայացնում ու այրում վերադարձի կամուրջները ու հետո…նշանակվել աշխատանքի ու հայտարարել, որ պետք է որևէ միջոցով ընտանիքս պահեմ: Միթե՞ ընտանիքի կերակրման գրավականը սեփական պետությանը հայհոյելն է: Միթե՞ սոցիալական հարցերը լուծելու ճանապարհը բոլորին ոհմակ, վամպիր ու այլ վարկաբեկող գնահատականներ տալն է: Ու առավել զավեշտալին այն է, որ նշանակվելուց հետո էլ շարունակում ես մնալ նույն կարծիքիդ: Դա արդեն ծաղր է` նետված բոլորիս երեսին:

Բայց ի՞նչ է մտածում այս ամենի մասին այն անձը, ում նորօրյա «կույրը» պատրաստվում է խորհուրդներ տալ: Ուզում եմ հեռու մնալ այն մտքից, որ մեր սպորտի հարգելի նախարարը դրանով կանխեց հերթական արտագաղթը: Անհավատալի է, որ նախարարը անտեղյակ էր իր նորաթուխ խորհրդականի տառացիորեն երկու օրվա վաղեմություն ունեցող հայտարարություններից: Անընդունելի կլինի այն արդարացումը, որ նախարարը գնահատել է իր խորհրդականի մասնագիտական ունակությունները, քանի որ լավ մասնագետ լինելուց առաջ պետք է լինել առաջին հերթին լավ քաղաքացի: Իսկ լավ քաղաքացին ու պետություն հայհոյողը գտնվում են տարբեր բևեռներում:

Այնպես որ, եթե ռեժիսորը պահվածքը հասկանալի է, հայհոյել որևէ փշուր ստանալու ակնկալիքով, ապա նախարարի որոշումն առնվազն տարօրինակ է:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

P.S. Ի դեպ նշենք, որ Times.am-ի տեղեկություններով Արտյոմ Հակոբյանը նախարարի խորհրդականի պաշտոնում աշխատել է ընդամենը մեկ օր։ Հասարակական բողոքի մեծ ալիքի պատճառով վերջինս արդեն ազատվել է աշխատանքից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում