«Տան մյուս կողմը». ֆիլմ` թրքուհու հոգում Ցեղասպանություն վերապրածի ու Ցեղասպանություն ժխտողի պայքարի մասին

«Տան մյուս կողմը». ֆիլմ` թրքուհու հոգում Ցեղասպանություն վերապրածի ու Ցեղասպանություն ժխտողի պայքարի մասին

Ցեղասպանությունը չավարտվեց 1918 թվականին, այն շարունակվում է սերնդեսերունդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը լրագրողների հետ զրույցում նշեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին ներկայացված «Տան մյուս կողմը» ֆիլմի ռեժիսոր Նարե Մկրտչյանը:

Ֆիլմը պատմում է մի թրքուհու մասին, ով 2015 թվականին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նրա ներսում միշտ պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանություն ժխտողը:

«Իմ տատիկն ու պապիկն են վերապրել ցեղասպանությունը, եւ այդ թեման շատ մոտ է սրտիս: Թեեւ ապրում եմ Լոս Անջելեսում, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անպայման ուզում էի մի ֆիլմ նկարահանել: Փորձեցի գտնել թուրք մեկին, պատմել նրա մասին, ով պ արզվում է ունի հայի արյուն: Ինձ համար հետաքրքիր էր այդ ներքին կոնֆլիկտը: Կարծում եմ՝ դա գալիս է նրանից, որ հենց իմ ընտանիքում կա երկու պատմություն. տատիկիս թուրքերը փրկել են, իսկ պապիկիս ընտանիքի բոլոր անդամներին սպանել: Ահա այդ լավ եւ վատ թուրքի կոնֆլիկտն է»,-ասաց Նարե Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ կարեւորը երկու ազգերի միջեւ մարդկային երկխոսության հաստատումն է:

«Ֆիլմով փորձում էի արթնացնել մարդկային սրտեր, սակայն հասկացա, որ իրականությունը տխուր է: Մենք իրականում շատ փոքր քայլ ենք առաջ գնացել, երկու ազգերի միջեւ այդ փոփոխությունը չի գալու նախագահներից, այլ այն մարդկանցից, ովքեր Հրանտ Դինքի մահից հետո դուրս եկան փողոց եւ ասացին՝ մենք բոլորս Հրանտ Դինքն ենք, մենք բոլորս հայ ենք: Որպես հայ` կարեւոր է սկսել երկխոսությունը մարդկային լեզվով»,-եզրափակեց ռեժիսորը:

Երևանում ծնված ռեժիսոր Նարե Մկրտչյանը Լոս Անջելես է տեղափոխվել 15 տարի առաջ: Սովորելով համաշխարհային կինոյի ներկայացուցչական դպրոցներից մեկում՝ USC School of Cinematic Arts հանրահայտ կինոդարբնոցում` Նարե Մկրտչյանն այս տարիների ընթացքում նկարահանել է ավելի քան 60 կարճամետրաժ ֆիլմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում