Հայաստանի և Իրանի քննչական մարմինները սերտացնում են հարաբերությունները եռամյա փոխըմբռնման հուշագրով

Հայաստանի և Իրանի քննչական մարմինները սերտացնում են հարաբերությունները եռամյա փոխըմբռնման հուշագրով

ՀՀ քննչական կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության միջև Երևանում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչ այդ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ու ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջն առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկու երկրների քննչական մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Նրանք կարևորել են քրեական գործերով միմյանց օպերատիվ տեղեկատվության փոխանակումն ու իրավական օգնության ցուցաբերումը:

Փոխըմբռնման հուշագրով պայմանավորվեցին համագործակցել կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության, դիմումների քննության, ինչպես նաև յուրաքանչյուր կողմի իրավասության այլ լիազորությունների իրականացման բնագավառում:

Կողմերը որոշեցին կազմակերպել պատվիրակությունների, փորձագետների փոխադարձ այցեր` համաձայն նախապես մշակված փոխանակման ծրագրի, ֆորումներ, աշխատանքային հանդիպումներ, գիտաժողովներ և կլոր սեղաններ` ապահովելու միջազգային համագործակցությունը իրավական օգնության բնագավառում:

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի խոսքով` ստորագրված հուշագիրն առավել կամրապնդի երկու երկրների միջդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցությունը: «Հուշագիրը 3 տարի ժամկետով է, և եթե կողմերից մեկը չի հայտարարում դադարեցման մասին, այն երկարացվում է ևս 3 տարով»,- տեղեկացրեց նա: Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով երկու քննչական մարմինների համագործակցությանը, տեղեկացրեց, որ 2015 թվականին և 2016-ի առաջին կիսամյակում գրանցվել է 58 քրեական գործ: «Այդ գործերից 31-ը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից կատարած տարբեր հանցագործությունների վերաբերյալ են, և 27 գործ, որոնք կատարվել են ԻԻՀ-ի քաղաքացիների նկատմամբ»,-հայտնեց Քննչական կոմիտեի նախագահը` հավելելով, որ այդ գործերով իրենք համագործակցել են իրանական կառույցի հետ Հայաստանում Իրանի դեսպանատան օգնությամբ:

ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջը, շնորհակալություն հայտնելով հայկական ջերմ հյուրընկալության համար, հույս հայտնեց, որ հետայսու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում էլ ավելի կսերտանան: Սերաջը կարևորեց վերջերս ԻԻՀ-ի արդարադատության նախարարի այցը Հայաստան, ինչպես նաև երկկողմ մուտքի արտոնագրի չեղարկման որոշումը: «Այսուհետ երկու երկրների քաղաքացիները հեշտորեն կարող են այցելել իրար երկրներ»,- ասաց իրանցի պաշտոնյան: Նասեր Սերաջը, ներկայացնելով իրենց գերատեսչության գործառույթն երը, նշեց, որ դրանք մի փոքր լայն են, քան ՀՀ քննչական կոմիտեինը, դրան գումարած փաստը, որ ինքն Իրանում մարդու իրավունքների պաշտպանն է: Այս իմաստով պաշտոնյան մանրամասներ հայտնեց ԻԻՀ ՄԻՊ-ի գրասենյակի գործունեությունից, առ այն, որ այն հիմնադիր անդամ է Ասիայի երկրների ՄԻՊ միության: Առաջիկայում Իրանում կգործի միության Ակադեմիան, ուր ուսում կստանան անդամ-երկրներից ցանկացողներ:

ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀՀ քննչական կոմիտեն նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով հուլիսի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում