Թույլ չենք տա, որ մեզ վախեցնի ահաբեկչությունը. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

Թույլ չենք տա, որ մեզ վախեցնի ահաբեկչությունը. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնը ազդարարեց Ֆրանսիական կինոյի օրը: Ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության բացումը համընկավ Ֆրանսիայում հայտարարված եռօրյա սուգի հետ` նախօրդ օրը Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ: Բացման արարողությանը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ահաբեկչության զոհերի հիշատակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա իր խոսքում նշեց, որ Նիս քաղաքը համալրեց այն տխրահռչակ և բավականին երկար ցուցակը, որում են Փարիզը, Բրյուսելը,Թունիսը, Եգիպտոսը, Կահիրեն, Օրլանդոն և այլն: Նա շնորհակալություն հայտնեց հայերին և բոլոր նրանց, ովքեր իրենց զորակցությունն ու քաջալերանքի ուղերձներ են ուղղել:

«Մենք թույլ չենք տա, որ մեզ վախեցնի ահաբեկչությունը: Ընդհակառակը, մենք պետք է դիմակայենք դրան»,- հայտարարեց դեսպան Շարպանտիեն:

Ողջույնի խոսքով հանդես եկան ֆրանսիացի ռեժիսոր Պիեռ Լեոնը, ում «Երկու Ռեմի, երկու» ֆիլմով մեկնարկեց ֆրանսիական ֆիլմերի օրը, ինչպես նաև ֆիլմի գլխավոր դերակատար Սերժ Բոզոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում