Երանի մինչև տողերիս ավարտը, արդեն վայր դրած լինեիր զենքդ

Երանի մինչև տողերիս ավարտը, արդեն վայր դրած լինեիր զենքդ

Երազումս մի մաքի 
Մոտս եկավ հարցմունքի. 
-Աստված պահի քո որդին, 
Ոն՞ց էր համը իմ ձագի…

Հավանաբար կհիշես Թումանյանի այս անմահ քառյակը: Դա ըմբոստություն էր մարդկային քարացած խղճի դեմ: Ընդամենը չորս տողով Թումանյանը վեր հանեց մեր միջի վայրագին, այն ամենակուլ դևին, որն առանց աչքը թարթելու կարող է կործանել կյանքեր ու հանգիստ հագեցնել խիղճը` տարբեր գաղափարական կերակուրներով:

Եթե խիղճդ մի օր այցելի քեզ, ունե՞ս թափված անմեղ արյան համար ըմբոստացած խիղճդ բթացնելու դեղատոմսը:

Զոհվեց ոստիկանության գնդապետ, ընտանիքի հայր, ՀՀ քաղաքացի, վերջապես ուղղակի մարդ: Մարդ, որի միակ «մեղքն» այն էր, որ գնացել էր աշխատանքի: Զոհվեց, քանի որ մի խումբ մարդիկ սխալ են պատկերացնում քաղաքական պայքարի բովանդակությունը, փիլիսոփայությունը: Այլ ընկալում ունեն Հայաստանի Հանրապետության ներկայի ու ապագայի վերաբերյալ: Չեն կարողանում հասկանալ, որ զենքով պայքարում են միայն արտաքին թշնամու դեմ, բայց երբ այդ նույն զենքը ուղղում ես սեփական հայրենակցիդ դեմ, երբ զենքը սարքում ես քաղաքական պայքարի գործիք, ապա դա արդեն պարտություն է: Երբ դու պատանդ ես պահում մարդկանց, երբ խիղճդ քեզ չի բզկտում անմեղ մարդու թափված արյան համար, երբ զենքդ վայր չես դնում ու հայտարարում ես, որ կկռվես մինչև վերջին փամփուշտը, ապա դա արդեն պարտություն է:

Ու՞մ դեմ ես կռվում, ու՞մ վրա ես պարպելու այդ փամփուշտները, սեփական հայրենակցի՞դ: Եթե սեփական հայրենակցիդ արյան գնով, զենքը ձեռքիդ ցանկանում ես հասնել քաղաքական հայացքներիդ իրականացմանը, ապա հիշիր, որ զենքով եկողը, զենքից էլ կընկնի: Հիշիր, որ մեզ պետք չէ այնպիսի իշխանություն, որի ձևավորման հիմքում զենքն է ու մարդկանց արյունը: Նման պետությունը հեռանկար չունի: Նման պետությունը քաղաքակրթության ու ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի:

Սակայն անմեղ մարդկանց պատանդ պահելով, դու ինքդ պատանդ ես դարձել այլոց ձեռքին: Պատանդն ես այն մարդկանց, ովքեր քեզ անվանում են քաջ հայորդի, հերոս, պայքարի մարտիկ…Նման գնահատականները զրկում են քեզ առողջ դատողությունից, սթափ մտածելուց: Հակառակ դեպքում դու արդեն զենքդ հանձնած կլինեիր: Զենքդ վայր կդնեիր այն պահին, երբ թափվեց անմեղ մարդու արյունը:

Եթե նախօրոք քեզ չկերակրեին նման շողոքորթ պիտակներով, դու առհասարակ կհրաժարվեիր զենք վերցնելուց: Մարդուն որևէ գործողության դրդելու լավագույն ուղին նրան գովերգելն է: Փորձեք մեկ ամիս անդադար խմել որևէ մեկի կենացն ու կարող եք երաշխավորել, որ նա արդեն ձեր գերին է, ձեր կամակատարը, եթե նույնիսկ արտաքուստ ցույց տաք, իբր նա ձեր մտքերի տերն է ու գաղափարական իդեալը:

Դու պատանդ ես տարատեսակ արկածախնդիրների ձեռքին, որոնց համար քո սեփական կյանքը որևէ արժեք չունի: Դու նրանց համար գործիք ես, դու այն մավրն ես, որը կատարելով իր գործը, պետք է հեռանա:

Անմեղների արյունը խաղաքարտ սարքածները կոչեր են անում մարդկանց դուրս գալ փողոց` դա ներկայացնելով իբր հետագա արյունահեղության կանխման միակ գրավականը: Բայց դու խաբված ես, դա կեղծիք է, բլեֆ: ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մերժում է զենքով քաղաքական հարց լուծելու կործանիչ մոտեցումը:

ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը սոսկում է անմեղ մարդկանց թափված արյուններից: Ասածիս լավագույն ապացույցն այն է, որ եթե մարդիկ ողջունեին նման մոտեցումը, նրանք չէին սպասի ինչ-որ մեկի կոչերին, նրանք արդեն փողոցում կլինեին:
Սեփական հայրենակցի դեմ զենք վերցնելը հանցանք է, իսկ կամովին այդ նույն զենքը հանձնելը հանցանքի գիտակցում ու զղջում: Այն մարդը, ով գիտակցում է սեփական հանցանքը ու զղջում, ուրեմն նրա մեջ դեռ ապրում է մարդը:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում