Բանակցություններում չի եղել, Խորենացի փողոցում էլ պրոցեսներ ղեկավարելու հավակնություն չունի. (լրացված, տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հրավիրված ասուլիսին ասաց, որ ինքը չի փորձել հանդես գալ  «Սասնա ծռեր» խմբի անունից, ոչ էլ ներգրավված է եղել բանակցություններում: Ավելին, չի տիրապետում իշխանություն-«Սասնա ծռեր» բանակցությունների ընթացքին, դրանց բովանդակությանը:

«Իրենց հետ կապված որևէ գործողություն չեմ իրականացրել, կամ տեղեկություն, որը տրամադրած լինեմ առանց նրանց հետ համաձայնեցնելու՝ սկսած նկարահանված և հրապարակված տեսանյութերից: Ինչ վերաբերում է միջնորդական ներգրավվածությանը, ապա այն եղել է միայն  սննդի հարցում: Ինձ զանգել է Կարո Եղնուկյանը և ասել, որ սննդի հետ կապված խնդիր կա և լավ կլինի եթե ես դրանով զբաղվեմ»,-հայտնեց Փաշինյանը՝ հավելելով, որ սրանից հետո «Սասնա ծռեր» խմբից Վարուժան Ավետիսյանից է ճշտել՝ արդյո՞ք համաձայն են, որ խնդրի լուծման պատասխանատվությունն իր վրա վերցնի, ստացել է դրական պատասխան: Եվ միայն սրանից հետո է խնդիրը քննարկել ոստիկանության հետ՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ:

Ըստ նրա՝ ոչ մի բան ոչ հրապարակավ չի մնացել, անգամ Սարի թաղի դեպքերով  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ հեռախոսազրույցը:

Փաշինյանը պնդեց՝ այս օրերի իր գործողությունները համապատասխանել են ՔՊԿ-ի ռազմավարությանն ու ծրագրերին՝ այն է վերահաստատում են իրենց հավատարմությունը քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդներին:

«Մարդիկ ասում են՝ էսինչ դավաճանություն է, որ չթողեցին գնան…նախ ասեմ, որ երբ ես եկա, այդ ժամանակ ոստիկանությունն իր տեղում էր, ցուցարարները՝ ոչ: Հնչել են հայտարարություններ էնտեղ գտնվելու, ղեկավարելու կամ չղեկավարելու….ես այնտեղ պրոցեսները ոչ ղեկավարելու, ոչ էլ կոորդինացնելու հավակնություն չունեմ: Եթե մարդիկ կարծում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության հաջող ծրագրի իրականացմանը, ապա սրանից հետո ես Խորենցի փողոցում կլինեմ այն ժամանակ, երբ ցուցարարները դրա անհրաժեշտությունը գտնեն,  և երբ տեսնեմ, որ կա անելիք մեր հռչակած քաղաքական ծրագրերի շրջանակում: Երեկվա իրադարձություններից հետո ես այնտեղ անելիք չեմ տեսնում»,-ընդգծեց նա՝ տեղեկացնելով, որ Պավլիկ Մանուկյանի անունից մի երիտասարդ իրենից մեգաֆոնն է ուզել, որից հետո պարզել է՝ իրապես Պավլիկ Մանուկյանն է այսպես ասած՝ գործուղել. «Ես զանգահարել եմ Պավել Մանուկյանին, նա ասել է, որ ես փոխանցեմ մեգաֆոնը այդ տղային: Պավել Մանուկյանի զանգից հետո, ինձ շատ քաղաքավարի ասվեց, որ ես չպետք է մարդկանց այդտեղ հրահանգներ տամ»:

Փաշինյանը շարունակեց՝  այնտեղ է եղել իրավիճակն ավելի խորքային հասկանալու համար. «Երբ երեկ մի քանի ժամ մարդիկ էին հայտնվում, ովքեր սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս ուղիղ եթերում, ինձ համար ակնհայտ էր, որ դա արվում է ոստիկանությանը գործելու առիթ տալու համար: Էնտեղ էին հայտնվել կասկածելի մարդիկ, մի քանի տեղ լոկալ ռազբորկաներ էին սկսել: Հիմա էստեղ հարց է՝ նույն «Հիմնադիր խորհրդարան»-ը կամ «Սասնա ծռեր» խումբը էդ ամեն ինչը դատապարտո՞ւմ է, թե՞ չի դատապարտում: Այնտեղ, որտեղ  այսպես ասած՝ տոն են տալիս հարբած կամ այլ բաներ օգտագործած մարդիկ, ես այդտեղ անելիք չեմ տեսնում, կամ եթե նրանց սաստելու փորձերն այլ մեկնաբանության է բերում: Ես չեմ թույլ տա, որ իմ կողքը կասկածելի վարքի տեր մարդիկ կանգնեն»,-ասաց նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում