«Ժողովուրդ». Գառնի համայնքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է նաև գյուղապետը՝ Աշոտ Վարդանյանը

«Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ նախօրեին Կոտայքի մարզի Գառնի համայնքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է նաև գյուղապետը՝ Աշոտ Վարդանյանը։ Մեր տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում նաև կրակոցներ են հնչել, ու հենց հրազենից ստացված վիրավորումների արդյունքում է համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը տեղափոխվել հիվանդանոց։ Գառնիում շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանության կիզակետում եղել են գյուղապետ Աշոտ Վարդանյանը և նրա քրոջ որդին՝ Արտակը, որը համայնքում հայտնի է Չոռնի մականունով։ Իսկ վեճի առիթը եղել է Գառնիում գործող բենզալցակայանում գյուղապետի ունեցած մասնաբաժնի հարցը։ Վիճաբանության պատճառների և բնույթի մասին «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ գյուղապետ Աշոտ Վարդանյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ է եղել, ոստիկանությունից ճշտեք, իմ անունի հետ չի կարող կապվել, ես լավ չեմ, էլ չեմ կարող խոսել»։ Ի դեպ, վերջինս չնայած մարմնական վնասվածքներով բժշկի է դիմել, բայց հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել»,– գրում է թերթը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում