«Երերույք-Անիպեմզա» ծրագիրը կփրկի ու կվերականգնի հնավայրը

Մեկնարկել է «Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկված «Երերույք-Անիպեմզա» ծրագիրը: 42 երկրների ներառող «Եվրոպա Նոստրա» կազմակերպությանը Հայաստանը անդամակցում է դեռեւս 2012 թվականից՝ ներկայացնելով այնպիսի մշակութային կոթողներ, ինչպիսիք են Արագածոտնի մարզի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, Դսեղի Քառասնից Մանկանց վանքը, Դիարբեքիր Սուրբ Կիրակոս եկեղեցին եւ այլն:

Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում ծրագրի ղեկավար Գայանե Կազնատիի խոսքով՝ այս տարվա ընտրությունը պայմանավորված է նաեւ Անիպեմզա գյուղի բնակիչներին աջակցելու ցանկությամբ:

«Գյուղի շենքերը բավականին պահպանված են, սակայն մարդիկ այնտեղ ապրում են աղքատության մեջ, եւ ցանկացանք օգտագործել այս ծրագիրը, որպեսզի գյուղը զարգանա: Բացի դրանից, Երերույքը պատմականորեն կապված է Անի տաճարի հետ, որի վրա կա Երերույքի կարեւոր դերի ու նշանակության մասին փաստող մի գրություն: Սա շատ կարեւոր էր հատկապես այժմ, երբ Անին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գայանե Կազնատին:

«Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ծրագրի հիմնադիր, խորհրդի անդամ Գայ Կլաուսի համոզմամբ՝ մշակութային ժառանգությունը միանշանակ դրական ազդեցություն ունի թե՛ սոցիալական, թե՛ բնապահպանական, եւ թե՛ տնտեսական ոլորտների վրա:

«Այդ իսկ պատճառով արդարացված եւ իմաստալի է մշակութային ժառանգության մեջ ներդրումներ կատարելը: Ծրագիրն ունի երկու կարեւոր մոտեցում՝ հուշարձանի տեսանելիության ապահովումը, ինչպես նաեւ արժանահավատության խթանումը: Գաղափարը հնավայրը փրկելն ու վերականգնելն է»,-նշեց նա:

Միաժամանակ հանրության դատին հանձնվեց «Երերույք-Անիպեմզա» ծրագրի շրջանակում հայտարարված լուսանկարչական մրցույթի ավելի քան 40 աշխատանք, որոնք ներկայացված էին «Երերույք եւ Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք եւ ապագայի երազանքներ» խորագիրը կրող ցուցահանդեսում:

«Պատմական եւ շրջակա միջավայրի հուշարձանները», ինչպես նաեւ «Անիպեմզա բնակավայրն եւ նրա մարդիկ» անվանակարգերից բաղկացած լուսանկարչական մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Անիպեմզա գյուղից Լիլիթ Դավթյանը եւ Արտուշ Ավդալյանը, իսկ Արթին Մուրադյանն էլ արժանացավ հատուկ մրցանակի:

Դեռեւս մարտի 16-ին Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ Երերույք հուշարձանը եւ Անիպեմզա գյուղը ներառվել էին «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում