Վերաբացվել է Մաշտոցի պողոտայում գործող գյուղմթերքի տոնավաճառը

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` սկսած 2011 թվականից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին առանց միջնորդների կազմակերպել իրենց կողմից արտադրված գյուղմթերքի իրացումը, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն ընձեռել անմիջապես արտադրողից ձեռք բերել թարմ և որակյալ գյուղմթերք: Տոնավաճառում արդեն իսկ 120 գործող տաղավարներ կան, մասնակցում են հանրապետության տարբեր մարզեր ներկայացնող գյուղացիական տնտեսութ յուններ:

Գյուղմթերքի տոնավաճառ կազմակերպվում է նաև Կասյան փողոցի վերջնամասում, որը վերաբացվել է հունիսի 11-ին: Այստեղ այս տարի օրական սպառվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք: Ընդհանուր առմամբ, 2015 թվականին Մաշտոցի պողոտայում և Կասյան փողոցում կազմակերպվել է 114 տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 15 հազար գյուղացիական տնտեսություն: Տոնավաճառները գործում են շաբաթ և կիրակի օրերին: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն անվճար է: Տոնավաճառներին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ) և ստանալ համապատասխան տեղեկանքներ, որոնք կհավաստեն, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն: Մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանը, իր հերթին, աջակցում է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում