Իրանը կարող Է մասնակցել ITER ջերմամիջուկային ռեակտորի ստեղծման միջազգային նախագծին. Սալեհի

Իրանը կարող Է մտնել ITER (International Thermonuclear Experimental Reactor) փորձարարական ջերմամիջուկային կայանքի ստեղծման միջազգային նախագիծ, կայանք, որը կառուցվում Է Ֆրանսիայի Կադարաշ քաղաքում: Այս մասին հաղորդել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, որի խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ITER-ի խմբի կազմում 27 անդամներ են, ներառյալ Եվրամիության երկրները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Վերջերս կայացած այցի ժամանակ հող Է նախապատրաստվել, որպեսզի Իրանը միանա այդ պլանին»,- ասել Է նա: Սալեհիի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ երկիրն Է Արեւմտյան Ասիայում, որին թույլ կտրվի մասնակցել նախագծին:

«Խոչընդոտները, որոնք Իրանին խանգարում Էին միանալու ITER-ին, վերացվել են, եւ երկիրը պաշտոնապես կմիանա նախագծին»,- նշել Է Սալեհին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում