ԵՄ ծրագրի շրջանակներում ՀՀ պետական և հասարակական կառույցները կկարողանան մինչև 1.5 մլն եվրոյի գրանտ ներգրավել

Հայաստանյան պետական կառավարման մարմինների և տարբեր ոլորտներում գործող շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչները Երևանում մասնակցեցին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկն ազդարարող աշխատաժողովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020 ծրագիրը, որը 54 միլիոն եվրո արժողություն ունի, նախատեսված է ԵՄ անդամ և հարևանության ութ երկրների, այդ թվում` Հայաստանի համար:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց ծրագրի մասնրամասները` նշելով, որ այն լավ հնարավորություն է երկրների միջև միջսահմանային համագործակցությունը խթանելու համար: «ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը տարածաշրջանային է: Դրանից կարող են օգտվել ութ երկրներ` Բուլղարիա, Թուրքիա, Մոլդովա, Ուկրաինա, Հայաստան, Հունաստան, Ռումինիա, Վրաստան: Նախկինում կար նաև Ադրբեջանը, բայց որոշվեց, որ այն դուրս պետք է գա ու ներկայում ծրագրի շահառու չի համարվում: Ծրագրի գաղափարախոսությու նն է խթանել ութ երկրների միջև միջսահմանային համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը: Ծրագրերը կարող են լինել 300 հազարից մինչև 1.5 միլիոն եվրոյի շրջանակներում: Ամբողջ գումարը ԵՄ-ն տալիս է գրանտի տեսքով»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով` ներկայացվող ծրագրերի համար պարտադիր պայման է առնվազն երեք երկրների ներգրավվածությունը, որոնցից մեկը պետք է լինի ԵՄ անդամ, այս դեպքում` Բուլղարիան, Ռումինիան կամ Հունաստանը: «Ծրագրի շահառու կարող են լինել բոլոր մարզպետարանները, համայնքները, մարզերում գործող ոչ պետական կառույցները, ինչը ֆինանսական ռեսուրսներ ներգարվելու լավ հնարավորություն է»,- նշեց Մելքոնյանը:

Նա նկատեց, որ այս շրջափուլը երկու նպատակ է հետապնդում` համատեղ ծրագրերի միջոցով նպաստել տուրիզմի ու մշակութային ոլորտներում բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև բարձրացնել միջսահմանային առևտրի հնարավորությունները: Փոխնախարարի տեղեկացմամբ` պետական և ոչ պետական կառույցները կարող են ծրագրեր ներկայանցել կրթական, մշակութային, տեղական կառավարման, գենդերային հավասարության աջակցության, երիտասարդների զբաղվածության բարձրացման, առևտրի ու տուրիզմի և այլ ուղղություններում: «Օրինակ, տուրիզմի ոլորտում կարող է ներկայացվել Հայաստան-Վրաստան-Բուլ ղարիա համատեղ ծրագրային առաջարկ, որտեղ կարող են ներառվել փորձի փոխանակման, համատեղ տուրիստական փաթեթների մշակման, կրթական ծրագրերի իրականացման, մասնագիտական կարողությունների բարելավման առաջարկներ»,- հայտնեց Գարեգին Մելքոնյանը` ավելացնելով, որ ծրագրերի գնահատումն իրականացնելու է Ռումինիայի էկոնոմիկայի կառավարության ներքո ձևավորված գնահատող մարմինը, քանի որ ԵՄ-ի կողմից ծրագրի քարտուղարությունն իրականացնում է հենց այդ երկիրը:

Մելքոնյանն աշխատաժողովին մասնակցողներին կոչ արեց մանրամասն ուսումնասիրել ծրագրի ընթացակարգերը, որպեսզի ներկայացվեն որքան հնարավոր է շատ և մրցակցային ծրագրային փաթեթներ, ինչն էլ կնպաստի Հայաստանի մասնակցությամբ մեծ թվով ծրագրերի իրականացումը:

Մելքոնյանի խոսքով` նշյալ ծրագրի առաջին շրջափուլի` 2007-2013 թթ.-ին իրականացված արդյունքներով Հայաստանից մասնակցել էին 20-ից ավելի կառույցներ, իսկ 3 ծրագրային առաջարկներում Հայաստանը դարձել էր հիմնական գործընկեր:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության նշյալ ծրագրի ղեկավար Ջոն Բարքերն էլ նշեց, որ այս ծրագիրը օգնում է ժողովուրդներին իրար լավ հասկանալ և գտնել հետագա համագործակցության եզրեր: «ԵՄ անդամ և հարևանության երկրները, որոնք միասին պետք է իրականացնեն ծրագրային փաթեթներ, կիսվում են փորձով ու գաղափարներով: Ես ուրախ եմ, որ արդեն երկրորդ փուլն է մեկնարկել, ինչը առաջին փուլի հաջողության գրավ ականն է»,-ասաց ԵՄ պաշտոնյան:

Նրա խոսքով` առաջին շրջափուլում Հայաստանի իրականացրած ծրագրերը խիստ հաջողված էին թե երկրի, թե տարածաշրջանի տեսանկյունից: «Միակ հիասթափությունս այն էր, որ շատ առաջարկներ չկային Հայաստանից, բայց հիմա հույս ունեմ, որ երկրորդ փուլում էլ ավելի կլայնանա հետաքրքրվածների շրջանակը»,-ընդգծեց Ջոն Բարքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում