Իրավապահներին են հանձնվել զինված խմբի երկու անդամ. կան վիրավորներ (թարմացվող)

2:43

ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի տեղեկացմամբ,  զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են:

Հիշեցնենք, որ հենց առաջին օրվանից գնդի տարածքում է ևս մեկ վիրավոր, ու չնայած իրավապահները բազմիցս հորդորել են թույլատրել, որ նրան նույնպես բուժօգնություն տրամադրվի, զինված խմբի անդամները մերժել են առաջարկը:

2:11

ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

«ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»,-գրել է նա:

 Իր հերթին ՀԽժն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկաններն առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում