ՔՊ-ն ակնկալում է, որ Սեֆիլյան-«Սասնա ծռեր»- իշխանություններ բանակցությունների բովանդակությունը կբացահայտվի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերահաստատել է իր հավատարմությունը ներքաղաքական հարցերի ոչ բռնի լուծման ռազմավարությանը:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտահոգված լինելով ՀՀ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Պահակապարեկային ծառայության գնդի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներով՝

1. Խստորեն դատապարտում է հուլիսի 26-ին ՀՀ իշխանությունների ձեռնարկած ուժային գործողությունները, որոնց հետեւանքով ծանր վիրավորում են ստացել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Գեւորգ Իրիցյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա որդի Արամ Մանուկյանը եւ իրավապահ մարմինների մեկ աշխատակից:

2. Համոզված է, որ նման գործողությունները խորացնում են երկրում առկա թշնամության եւ անվստահության մթնոլորտը եւ որ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր անձինք եւ ուժերը պետք է զերծ մնան թշնամության մթնոլորտը խորացնող հայտարարություններից եւ գործողություններից:

3. Ակնկալում է, որ Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների բովանդակությունը կբացահայտվի հանրության համար եւ անընդունելի է համարում պետականության համար լրջագույն վտանգներ պարունակող իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ բանակցությունների բովանդակության չհանրայնացման պրակտիկան:

4. Վերահաստատում է իր հավատարմությունը ներքաղաքական հարցերի ոչ բռնի լուծման ռազմավարությանը եւ շարունակում է համոզված մնալ, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակը չունի ուժային լուծում եւ պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով:

5. Վստահ է, որ երկրում հաստատված վստահության ճգնաժամի միակ ճանապարհը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից՝ ժողովրդի քաղաքական կամարտահայտման միջոցով»,-ասված է տարածված հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում