Անհապաղ ազատ արձակել բուժանձնակազմին. ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել կապված վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որում ասվում է.

«Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում: Մենք ողջունում ենք և միանում շարունակաբար զսպվածություն դրսևորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին:

Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն: Մեզ համար հատկապես մտահոգիչ են Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները:

Այսպիսի գործողություններն անընդունելի են, և եթե համապատասխանում են իրականությանը, ապա կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել այս անձանց»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում