Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները մեծ դերակատարություն են ունենալու Մերձավոր Արևելքում. Բորիս Նավասարդյան

ՌԴ-Թուրքիա հարաբերությունները մեծ դերակատարություն են ունենալու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Տարածաշրջանային զարգացումների մեխը մի շարք երկրների շահերն են՝ Ռուսաստան, Թուրքիա, Իսրայել: Իսրայելն ունի անվտանգության խնդիրներ լուծելու անհրաժեշտություն: Նա պետք է կարողանա պաշտպանվել Իրանից և «Հըզբոլլահ»-ից: Ներկայումս ԱՄՆ-ն, նախագահական քարոզարշավի հետ կապված, դարձել է ոչ ակտիվ գործոն Մերձավոր Արևելքում, այդ պատճառով Իսրայելը փնտրում է նոր արտաքին ուժեր, որը կարող է լինել Ռուսաստանը»,- ասաց Նավասարդյանը:

Նրա կարծիքով՝ որպեսզի Ռուսաստանը տարածաշրջանում արդյունավետ գործի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունները պետք է բացառվեն:

«Այդ պետություններն ունեն ընդհանուր շահեր և լուրջ հակասություններ Արևմուտքի հետ: Թուրքիայի հակասությունը Արևմուտքի հետ էլ ավելի ուժեղացավ, երբ այնտեղ հայտարարություններ տարածվեցին մահապատիժը վերականգնելու մասին, որը սկզբունքորեն անընդունելի է Արևմուտքի համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, թեև Արևմուտքի հետ նա հետզհետե վերականգնում է տնտեսական համագործակցությունը, սակայն քաղաքական ոլորտում հակասությունները շարունակվելու են»,- ընդգծեց Նավասարդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում