Հարևանիդ ատելով` ուժեղ պետություն չես կառուցի

Կա մի դառը ճշմարտություն, որին վաղ թե ուշ բախվելու էինք ու այս օրերի իրադարձությունները պարզապես բացահայտեցին այդ իրականությունը, ցույց տվեցին ցերեկվա լույսի ներքո, որը մենք փորձում էինք խնամքով թաքցնել, փորձում էինք չտեսնելու տալ: Ինքներս մեզ համոզում էինք, որ չկա ու չի կարող լինել նման բան, քանի որ մենք քրիստոնեությունն առաջինը ընդունած ժողովուրդն ենք, մենք ներողամիտ ենք ու բարի, սիրող ենք ու արարող: Պատրաստ ենք միայն ստեղծել, բայց ոչ երբեք քանդել: 

Ես նույնպես այդպես էի մտածում ու հավատում մեր ներքին բարության ոգուն: Բայց ցավալիորեն այս օրերի դեպքերը հանդիսացան լակմուսի թուղթ, վերանայելու համար մեր սեփական պատկերացումները մեր իսկ մասին: Թեպետ ես շարունակում եմ հավատալ, որ մենք հենց այդպիսինն էլ եղել ենք, բայց այդ ե՞րբ ենք սկսել փոխվել: Այդ ի՞նչ դանդաղ ընթացք է ունեցել մեր փոփոխությունը, որ ինքներս էլ չնկատելով, հասել ենք այնտեղ, որ պետք է կանգ առնենք: Պետք է մի հետադարձ հայացք նետենք մեր անցած ուղուն, շտկենք ինքներս մեզ, ուժ գտնենք վերափոխվելու ու վերադառնալու մեր` ոչնչանալու սպառնալիքի առջև կանգնած արժեքներին:

Մենք պարտվում ենք, պարտվում ենք բոլորս, պարտվում է հասարակությունը: Այդ պարտության ճանապարհին բացառություն չեն ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը, որպես հասարակության լիարժեք մասնիկ:

Ու՞ր ենք գնում մենք այս համատարած ատելության մթնոլորտում: Ու՞ր ենք գլորվում միմյանց մերժելու այդ մոլուցքով բռնված: Ինչի՞ ենք ձգտում հասնել այս անհանդուրժողականության վարակով տարված:

Այս օրերի ընթացքում պարզապես սարսափելի է հետևել սոցիալական ցանցերում տեղի ունեցող վիրտուալ պատերազմին: Իհարկե կարող եք հակափաստարկել, որ այդ ամենը կրում է զուտ վիրտուալ բնույթ, բայց ցանկացած վիրտուալ սերմ, գտնելով պարարտ հող, ի վերջո տեղափոխվում է իրականություն ու համացանցային ատելության մթնոլորտի եթե սոսկ 10 տոկոսը վերաճի իրականության, ապա հետևանքները հրեշավոր կլինեն:

Այն կործանարար ջրբաժանը, որը միտումնավոր կամ ակամա մեր հասարակությունը բաժանում է երկու մասի, դա միայն պարտություն է ու պարտություն է երկու կողմերի համար էլ: Այն արատավոր միտքը, որ կա միայն ազնիվ ու մտահոգ ընդդիմություն ու հանցավոր և օտար իշխանություն, կան միայն սրտացավ պայքարողներ ու դավաճաններ, կան միայն պայքարի ջատագովներ ու իշխանական գործակալներ, կան միայն քաղաքացիներ ու ոստիկաններ, դա արդեն պարտություն է: Այդ միտքը սերմանողներն ու զարգացնողները, հասարակությունը պառակտողներն ու սև և սպիտակի բաժանողներն են իրական դավաճանները:

Վիրտուալ տիրույթում գրեթե իսպառ բացակայում է բանավիճելու ու քննարկելու մշակույթը, լսելու ու ասելու ունակությունը, համոզելու, բացատրելու ու ինչու չէ նաև խնդրելու մեծահոգությունը: Ցանկացած կարծիք, ցանկացած վերլուծություն, ցանկացած հոդված ու միտք, որը փոքր-ինչ տարբերվում է մեկ ուրիշի կարծիքից ու մոտեցումից, միանգամից դիմավորվում է սվիններով, միանգամից հանդիպում է հայհոյանքների ու պիտակավորումների: Միանգամից հնչում են գնդակահարելու, ոչնչացնելու, սատկացնելու կոչեր: Կրկնում եմ, բնավ իսկ կարևոր չէ, որ այդ ամենը կատարվում է վիրտուալ տիրույթում: Մեղքի մասին մտածելն իսկ հավասարազոր է մեղք գործելուն:

Եթե մենք կարծում ենք, որ այս համատարած ատելությունն ու անհանդուրժողականությունը հանգեցնելու է մեր իղձերի ու երազանքների կատարմանը, եթե մենք մտածում ենք, որ ատելով իրար կհասնենք դրականին, ապա մենք մոլորված ենք: Եթե ես ատում եմ իմ հարևանին այլ կարծիք ունենալու համար ու ենթադրում եմ, որ իշխանությունների հեռացմամբ իմ ատելությունը կփոխվի սիրո, ապա ես մոլորված եմ: Անշուշտ բոլորիս, անխտիր բոլորիս նպատակն է ունենալ կայացած ու ամուր ժողովրդավարական արժեքների վրա խարխսված պետություն, բարձր կենսամակարդակ ունեցող հասարակություն, բայց այդ ամենին հասնելու համար պետք է մեր սրտերից վանենք ատելությունը, անհանդուրժողականությունը, հիշաչարությունը: Այլակարծությունը ատելով, այլոց մոտեցումները արհամարելով, դիմացինի պատկերացումները քարկոծելով ու պիտակավորելով` ժողովրդավարություն չեն կերտում: Ոչնչացնելու, սատկացնելու ու գնդակահարելու կոչերով ազատ չեն ապրում:

Որևէ մեկը թող չկարծի, որ տողերս կրում են սոսկ հուզական բնույթ ու առաջին հայացքից աղերս չունեն քաղաքականության հետ: Շատերն ունեն թյուր կարծիք, որ քաղաքականությունն ընդամենը սառը հաշվարկ է ու զուտ նպատակին հասնելու գործողությունների ամբողջություն: Շատերն ունեն թյուր մոտեցում, որ քաղաքականությունը բարոյական արժեհամակարգից զուրկ բնագավառ է: Բայց դա կամ դիտավորյալ խեղաթյուրում է կամ գիտելքների ոչ բավարար պաշար ու խիստ նեղ մտահորիզոնի առկայություն: Իրականում քաղաքականությունը ամորֆ, դատարկ բնագավառ չէ, օժտված զուտ մարդկանց բնորոշ հատկանիշներով: Քաղաքականությունը բնագավառ է, որով զբաղվում են մարդիկ ու ինչպիսի հատկանիշներով օժտված լինեն այդ գործունեությունը ստանձնածները, այդպիսին էլ կլինի տվյալ պահի իրականացվող քաղաքականությունը: Այնպես որ, ինչ ցանենք, դա էլ հնձելու ենք:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում