Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել 12 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Քննիչը որոշումներ է կայաց րել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնել դատարան, որոնք բավարարվել են։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրությունների արդյունքներով հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 20-ին մի խումբ ցուցարարների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ, որոնք ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Նախնական քննության տվյալներով՝ անկարգությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական օգնություն ստանալու համար բուժհաստատություն է դիմել 62 անձ, որոնցից 37-ը՝ ոստիկան, 25-ը՝ քաղաքացիական անձ։

Այսպիսով՝ հուլիսի 27-ի դրությամբ, տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 12 անձի:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում