Պավել և Արամ Մանուկյաններին մեղադրանք է առաջադրվել, դատարանը կքննարկի կալանավորման համար միջնորդությունը

Զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանին և նրա որդուն` Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել: Քննիչների կողմից որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորման համար դիմել դատարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրանց պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

«Քիչ անց Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդության քննություն կսկսվի, մասնավորապես, Արամ Մանուկյանի հետ կապված: Նա հրաժարվել է մասնակցել քննությանը` նշելով, որ նախևառաջ ի վիճակի չէ և չի ցանկանում»,-ասաց պաշտպանը:

Ինչ վերաբերում է Պավլիկ Մանուկյանին, ապա, փաստաբանի խոսքով, նա ցանկացել է միջնորդության քննության ժամանակ ներկա լինել դատարանում:

«Իր ծանր վիճակից ելնելով` ես չեմ պատկերացնում` ինչպես պետք է կատարվի տեղափոխումը, բայց նա ցանկություն է հայտնել ներկա գտնվելու»,-ավելացրեց Ինեսա Պետրոսյանը:

Հայր և որդի Մանուկյաններին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու հնարավորությանն անդրադառնալով` Ինեսա Պետրոսյանը նկատեց, որ դա պետք է լինի այն ժամանակ, երբ նրանց առողջական վիճակը կների:

«Պավլիկ Մանուկյանը տարել է վիրահատություններ, եթե նման որոշում կայացվի, առնվազն պետք է ապահովվի նրա հետագա բուժումը»,-նշեց փաստաբանը: Մանուկյանների վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում