Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական բաժնի միջնորդությունը և որոշել Արամ Պավելի Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով: «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտնեց Մանուկյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Պավել Մանուկյանի առնչությամբ էլ Ինեսա Պետրոսյանը նշեց, որ հստակ տեղեկություն ունի, որ վարույթն իրականացնող մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն նկատի ունենալով, որ Պավել Մանուկյանը ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել դատական նիստին, իսկ վերջինիս առողջական վիճակը բավականին ծանր է,  դատական նիստի օրն ու ժամը դեռևս հստակ չեն: Փաստաբանը նշեց, որ ձերբակալման որոշում առկա չէ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում