Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են. Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 28-ին ընդունել է Թեհրանի նահանգապետարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր նահանգապետի տնտեսության և պաշարների զարգացման հարցերով տեղակալ Մոհամմադ Էմամի Ամինը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա էր նաև Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը:

Այցի նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում:

«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են, և ես վստահ եմ, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումն ավելի կնպաստի տարբեր ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացմանն ու խորացմանը», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին տեղեկացրել են, որ նկատի ունենալով Հայաստանի ադնամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Թեհրանի նահանգապետարանը հետաքրքրված է ԵՏՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կազմակերպմամբ:

Արտահանման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարարն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել համատեղ ընկերությունների ստեղծման հնարավորությունը` պատրաստի արտադրանքը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու նպատակով:

Հանդիպման ավարտին Սերգո Կարապետյանը վերահաստատել է պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների համագործակցության սերտացմանն ուղղված նախաձեռնություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում