Թուրքիայում ձերբակալությունների ալիքը հասել է գործարարներին

Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալումից հետո հուլիսի 20-ին հայտարարված եռամսյա արտակարգ դրության շրջանակներում իշխանությունները շարունակում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչվող ամենատարբեր կազմակերպությունների գործունեության արգելումն ու մարդկանց ձերբակալությունները:

Էրդողանի քաղաքական ախոյան, իսլամական քարոզիչ, Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչվող առողջապահական հաստատությունների, արհմիությունների դպրոցների ու համալսարանների գործունեության կասեցումից հետո հիմա էլ սկսել են ձերբակալել Գյուլենի հետ կապ ունեցող գործարարներին:

Ըստ թուրքական «Mİlliyet» թերթի կայքի` իշխանությունների կողմից գյուլենականների դեմ իրականացվող պայքարի շրջանակներում ձերբակալվել են գործարարներ Մեհմեթ Ալի և Ունալ Թաքմաքլը եղբայրները, որոնք հանդիսանում են «Ուղուր» ընկերությունների խմբի սեփականատերերը: Աղբյուրը նշում է, որ այս գիշեր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ գործարար եղբայրներին կալանավորելու որոշում է կայացվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արտակարգ դրության հայտարարումից հետո փակվել է 35 առողջապահական հաստատություն, 934 դպրոց, 109 ուսանողական հանրակացարան, 104 հիմնադրամ, 1025 միություն, 15 համալսարան և 19 արհմիություն: Նշյալ բոլոր կազմակերպությունների անունները այս կամ այն կերպ կապվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական հայտնի քարոզիչ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ով թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ, գրում է ermenihaber.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում