Վիրաբույժ Տոնոյանը պատրաստ է անձամբ վիրահատել զինված խմբի վիրավոր անդամներին Sputnik Արմենիա

Բժիշկներին պատանդ վերցնելն աննախադեպ երևույթ է, որը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, Sputnik Արմենիային ասաց արցախյան պատերազմի մասնակից, «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Տարոն Տոնոյանը։

«Չեմ տիրապետում ամբողջ տեղեկատվությանը, որպեսզի երկկողմանի նայեմ հարցին, բայց չեմ կարծում, որ այնպիսի օրհասական վիճակ է, որ արդեն բժիշկների են պատանդ վերցնում։ Պատանդ վերցնելն ինքնին լավ երևույթ չէ և խիստ մտահոգիչ է։ Ափսոսում եմ դրա համար»,- ասաց Տոնոյանը։

Նա նշեց, որ շատ դժվար է պատշաճ մակարդակով բուժօգնություն ցույց տալ ՊՊԾ գնդի շենքում գտնվող տուժածներին։

«Վիրավորներին պահում են այնտեղ և թույլ չեն տալիս օգնություն ցուցաբերել նորմալ պայմաններում։ Այդ քայլը չեմ հասկանում։ Մարտական ընկերոջ կյանքը վտանգել և պահանջել, որ առողջապահության նախարարը գնա… Նախարարը գնա՝ ի՞նչ անի, նա վիրահատող չէ»,- ասաց Տոնոյանը։

Նա հավելեց, որ եթե պետք լինի, ապա անձամբ կգնա այնտեղ և կվիրահատի վիրավորներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում