Իրանը հետաքրքրված է ներդրումներ իրակացանել Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում

Էներգետիկայի, գազի, նավթի, նավթամթերքների և հանքարդյունաբերության բնագավառում հայ-իրանական համագործակցության ծրագրերի իրականացման ընթացքի, ինչպես նաև ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցերի քննարկման նպատակով հուլիսի 25-27-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այցի շրջանակներում Լ.Յոլյանը հանդիպումներ է ունեցել Իրանի ա ռաջին փոխնախագահ Է. Ջահանգիրիի, էներգետիկայի նախարար Հ. Չիթչիանի, նավթի նախարար Բ. Զանգանեի, արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մ. Նեմաթզադեի հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, հանդիպումների ժամանակ, որոնք ընթացել են շատ ջերմ և բարեկամական միջավայրում, արծարծվել է հայ-իրանական, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ: Բոլոր հարցերի քննարկումներն անցել են փոխըմբռնման և համաձայնության բարձր մթնոլորտում։ Իրանական կողմն իր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության տարբեր ծրագրերի իրականացման, գործակցության դաշտի խորացման և ընդլայնման կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ բարձրավոլտ օդային գծի, Մեղրի և Ագարակ համայնքների գազիֆիկացման ծրագրերին։ Դիտարկվել են Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման ծրագրի աշխուժացման, այլ եղանակներով իրականացման հնարավորությունները։

Հայ-իրանական և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում քննարկվել են փոխգործակցության ընդլայնման, գազի գնման և վաճառքի հետ կապված հարցերը։ Իրանի նավթի նախարարության հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ առաջիկայում հարցին վերջնական իրավական լուծում տալու վերաբերյալ։

Հանդիպումների ժամանակ իրանական կողմն իր հետաքրքրվածությունն է ներկայացրել Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրակացանելու, 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ հողմակայաններ կառուցելու, ինչպես նաև իրանական հեղինակավոր արտադրողների մասնաճյուղեր բացելու կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում