Դավութօղլուն խոստովանել է, որ իր հրամանով է խոցվել ռուսական Սու-24-ը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստովանել է, որ ռուսական Սու-24-ը խոցվել է իր հրամանով: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդում է, որ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հենց ինքն է հրամայել խոցել ռուսական Սու-24 ռմբակոծիչը անցած տարվա նոյեմբերին: Նա նշել է, որ այդ հրամանը ընդհանուր էր Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունը ապահովելու համար:

«Հոկտեմբերյան հրահանգը տարածվել է Թուրքիայի օդային սահմանը առանց թույլատվության հատող ոչ միայն սիրիական, այլև բոլոր ինքնաթիռների վրա»,- հայտարարել է նախկին վարչապետը: Դավութօղլուի խոսքով` նա նման հրաման է տվել այն ժամանակ, երբ Սիրիայում գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռները շարունակական խախտումներ են իրականացրել:

2015թ. նոյեմբերի վերջում թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայի տարածքում խոցել են ռուսական Սու-24-ը: Այս դեպքից հետո Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում մի շարք տնտեսական սահմանափակումներ է մտցրել: 2016թ. հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուս օդաչուի ընտանիքից կատարվածի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում