Սիրիայի հայ համայնքը պետք է գոյատևի և բարգավաճի. Արամ Ա կաթողիկոս (ֆոտո)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի Սիրիայի ծովեզրյան շրջան հովվապետական այցելությունը սկսվել է Լաթաքիայից։ Վեհափառ Հայրապետը Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ապա եկեղեցուն կից՝ «Արարատ» սրահում, հավաքված բազմությանն է փոխանցել իր հովվապետական օրհնությունը: Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» օրաթերթը, նա ասել է. «Հարյուր տարի առաջ հայը Թուրքիայում մահ ու կոտորած տեսավ, իսկ Սիրիայում գտավ եղբայրական սեր ու համերաշխ գոյակցություն։ Սիրիահայ գաղութը կապված է իր երկրին։ Այն պիտի մնա, գոյատևի ու բարգավաճի»։

Այս առիթով սրտի խոսք է ասել Լաթաքիայի նահանգապետը՝ բարի գալուստ մաղթելով Վեհափառ Հայրապետին և շեշտելով, որ հայերը Սիրիան պաշտպանելու գործում առաջապահ դիրքում են գտնվում` տալով բազմաթիվ զոհեր:

Վեհափառ Հայրապետը թեմի առաջնորդ Գերշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին պարգևել է օծման կարգին հարմար պանակե, իսկ Սրբազան Հայրն առիթն առավել քաղցրացրել է` այդ օրվա համար պատրաստված հատուկ կարկանդակը կիսելով:

Սիրիայում Վեհափառ Հայրապետի հովվապետական այցելությունը շարունակվում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Սիրիայի հայաշատ Լաթաքիա, Քեսաբ և Տարտուս բնակավայրերում և պատգամ կհղի Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

/disc/28-07-16/f5e055c7e2ac68363b8d59f7af255d00.jpg

/disc/28-07-16/47a767e581a8eead5f047dcb7062f4b7.jpg

/disc/28-07-16/d787fee67458c9debea71edea409aa66.jpg

Հետևեք մեզ նաև Telegram-ում