«Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի նվազեցման տարբերությունը կփոխհատուցի պետական բյուջե

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի նվազեցման տարբերությունը կփոխհատուցի Հայաստանի պետական բյուջե: Կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը հիշեցրեց, որ այս տարվա ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի համար բնական գազի գինը սահմանին 1000 խմ համար սահմանվել է 150 դոլար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործող սակագնի հաշվարկում բնական գազի ձեռքբերման գինը 1000 խմ համար 189 դոլար է: 2016թ. հուլիսի 1-ից ընկերության համար սահմանված սակագնի հաշվարկում բնական գազի ձեռքբերման գինը 1000 խմ համար 150 դոլար է: Ըստ որոշման՝ 1000 խմ համար 189 դոլարի և 165 դոլարի տարբերությունը մնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, իսկ 2016 թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար 165 դոլարի և 150 դոլարի տարբերությունը կազմող 15 դոլարն ընկերության կողմից ենթակա է փոխանցման ՀՀ պետական բյուջե: Հետևաբար, ընկերությունն այս տարվա ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար առաջացած 3 մլն 744 հազար դոլարին համարժեք 1 մլրդ 789 մլն 021 հազար դրամը փոխանցում է պետական բյուջե:

Միաժամանակ որոշմամբ՝ այդ գումարը դարձյալ կուղղվի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Իսայանի խոսքով՝ որոշմամբ նույն գումարի չափով ավելացվեց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասը: Ստացված գումարը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն կուղղի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ իր կրեդիտորական պարտքի մարմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում