«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասը ավելանում է

Այսօր գործադիրը որոշում ընդունեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանկողմից ՀՀ պետական բյուջե գումար փոխանցելու «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալը ավելացնելու և ՀՀ կառավարության 2016 թվականի պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Ինչպես գիտենք, ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստան բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգում փոփոխություններ արվեցին և 07.04.2016թ. Արձանագրության 1-ին հոդվածով սահմանվեց, որ 2016թ-ի ապրիլի 1-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության համար բնական գազի գինը 1000 խոր. մետրի համար 150 ԱՄՆ դոլար:
Միաժամանակ սահմանվեց, որ 2016թ. երկրորդ-չորրորդ եռամսյակներում՝ առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնվում է ընկերությանը, բացառությամբ եկամտի այն մասի, որը ստացվել է երկրորդ-չորրորդ եռամսյակներում՝ Հայաստանի Հանրապետության համար 1000 խոր. մետրի համար 165 ԱՄՆ դոլարից ցածր գազի գնի նվազեցումից:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործող սակագնի հաշվարկում բնական գազի ձեռքբերման գինը 1000 խոր. մետրի համար 189 ԱՄՆ դոլար է: 2016թ. հուլիսի 1-ից ընկերության համար սահմանված սակագնի հաշվարկում բնական գազի ձեռքբերման գինը 1000 խոր. մետրի համար 150 ԱՄՆ դոլար է:

Վերը նշված Արձանագրությունների համաձայն 1000 խոր. մետրի համար` 189 ԱՄՆ դոլարի և 165 ԱՄՆ դոլարի տարբերությունը մնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, իսկ 2016թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար 165 ԱՄՆ դոլարի և 150 ԱՄՆ դոլարի տարբերությունը կազմող 15 ԱՄՆ դոլարը ընկերության կողմից ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար` 1000 խոր. մետրի համար 165 ԱՄՆ դոլարի և 150 ԱՄՆ դոլարի տարբերության` 15 ԱՄՆ դոլարի հաշվարկով 3 մլն 744 հազար 375 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը փոխանցում է ՀՀ պետական բյուջե և նույն գումարի չափով ավելացվում է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում Հայաստանի բաժնեմասը: Ստացված գումարը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն կուղղի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ իր կրեդիտորական պարտքի մարմանը:

Ընդունած որոշման արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ՀՀ պետական բյուջե շուրջ 1մլրդ 789 մլն 22 հազար ՀՀ դրամ կփոխանցվի, և այդ չափով կավելանա «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում