Պերմյակովի գործով դատական նիստում փաստաբանները միջնորդություններ ներկայացրին

Վալերի Պերմյակովի գործով հուլիսի 29 -ի դատական նիստը մեկնարկեց պաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությամբ` անթույլատրելի ապացույց ճանաչել Պերմյակովի ռուս իրավաբանների կողմից առաջին հարցաքննության արձանագրությունը:

«Արմենպրես»-ի թղթակիցը դատական նիստերի դահլիճից հաղորդում է, որ միջնորդությանը միացան նաև Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները` նշելով, որ սա այն գործն է, որ պետք է լինի անթերի ամեն հարցում և պետք է ունենա օրինակելի ընթացք:

Այս դեպքում արձանագրությունն անհիմն է երկու պատճառով. առաջին` պաշտպանին (Թամարա Յայլոյան) հրավիրել էր ոչ թե ամբաստանյալը, այլ Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալը, և երկրորդ` ըստ գործող օրենքի` ռուսական կողմի հարցաքննության ժամանակ, այդ փուլում, իրավունք չուներ ներկա գտնվելու հայ պաշտպանը:

Ըստ այդմ` հաշվի առնելով այն, որ գործում առկա են մի շարք ապացույցներ, ըստ շահերի պաշտպանների, այս մեկ արձանագրության բացակայությունը չի ազդի գործի ընթացքի վրա:

Դատապաշտպանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց` անթույլատրելի համարելու նաև Պերմյակովի անձնական խուզարկության արձանագրությունը (չէր կարող սահմանին խուզարկության ենթարկվելուց հետո ևս մեկ անգամ խուզարկության ենթարկվել հարցաքննության ժամանակ): Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում