Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց: Այս անգամ նիստը հետաձգվեց, որպեսզի դատավոր Հարություն Մովսիսյանը կայացնի որոշում` դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունների առնչությամբ: Դատական հաջորդ փուլին անցնելու համար անհրաժեշտ է դատավորի այս միջնորդության որոշումը: Ի դեպ, այս միջնորդությանը միացան նաեւ Ավետիսյանների իրավահաջորդներն ու նրանց շահերի պաշտպանները:

«Այս դեպքում կապ չունի թե որ կողմում ենք, եթե մի միջնորդություն բխում է օրենքից, կարծում եմ, այն պետք է բավարարվի՝ հատկապես այս պայմաններում: Անկեղծ ասեմ՝ Պերմյակովի դատավճիռը որեւէ կերպ դրանից չի փոփոխվի, բայց դնել մեղադրանքի վրա ապօրինի ձեռք բերված ապացույց՝ անթույլատրելի է: Հիմա՝ ռուս քննիչներն են սխալվել, թե հայ փաստաբանը, նրանք իրավունք չունեին այս փաստաբանին ներգրավել՝ քննչական մարմնի կանչով որպես պաշտպան, չպետք է արվեր, բայց ունենք փաստ, որը արձանագրված է փաստաթղթերի ձեւով: Այդ ապացույցների գոյությունը այս քրեական գործում մ իշտ ստվեր են նետելու կայացվելիք դատավճռի վրա, ինչն անհասկանալի է մեզ համար: Այս ապացույցների հետ կապված ամեն ինչ այնքան պարզ է, որ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- դատական նիստի ավարտին լրագրողներին ասաց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ փաստելով, որ հաշվի առնելով այն, որ գործում առկա են մի շարք ապացույցներ, ըստ շահերի պաշտպանների, այս մեկ արձանագրության բացակայությունը չի ազդի գործի ընթացքի վրա:

Խոսքը վերաբերում է նախ՝ Պերմյակովի ռուս իրավաբանների կողմից առաջին հարցաքննության արձանագրությունը: Այս դեպքում արձանագրությունն անհիմն է երկու պատճառով. առաջին` պաշտպանին (Թամարա Յայլոյան) քննչական կողմը հրավիրելու իրավունք չուներ, երկրորդ` ըստ գործող օրենքի` ռուսական կողմի հարցաքննության ժամանակ, այդ փուլում, իրավունք չուներ ներկա գտնվելու հայ պաշտպանը: Դատապաշտպանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց` անթույլատրելի ապացույց համարելու նաեւ Պերմյակովի անձնական խուզարկության արձանագրությունը:

«Սահմանին, խուզարկության արդյունքում, Պերմյակովի մոտից հայտնաբերված իրերը առգրավվում են, ապա ձերբակալման ժամանակ պարզվում է, որ առգրավված իրերը նորից առգարվվում են: Վարչական ձերբակալման ժամանակ արդեն իսկ այս առարկաները հայտնաբերվել են՝ դրա վերաբերյալ կան նաեւ փաստաթղթեր: Եթե այս արձանագրությունը անթույլատրելի ապացույց ճանաչվի, քրեական գործը որեւէ կերպ չի տուժի՝ մեղադրանքի հիմնավորվածության առումով, բայց, հակառակ պարագայում, կունենանք անթույլատրելի ապացույց՝ դրված մեղադրանքի հիմքում, որը հետագայում վիճարկման հնարավորություն կտա եւ կարող է այլ ատյաններում այդ հարցը բարձրացվել: Մենք չենք ուզում, որ հետագայում դատական ակտը խոցելի լինի: Մեր ամբողջ ցանկությունն է հնարավորինս նպաստել օրինական դատավճռի կայացման, իսկ եթե անթույլատրելի ապացույցներ դրվեն մեղադրանքի հիմքում, այնուամենայնիվ, դատավճիռը խոցելի կլինի»,- նշեց փաստաբան, Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում