Հանգստացողներին հաճելիորեն զարմացրել է Սևանա լճի ջրի մաքրությունը

Մոտ մեկ ամիս է, ինչ Սեւանի ափամերձ հանգստյան գոտիներն ընդունում են հանգստացողներին եւ հովեկներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սեւանի ափին այս օրերին իրենց հանգիստն անցկացնողները գոհունակություն հայտնեցին Սեւանա լճի ջրի մաքրության եւ կազդուրիչ հատկությունների համար:

Ինչպես ներկայացրեց հեռուստալրագրող Մարինա Աբելյանը, Սեւանա լիճն իրեն այս տարի ներկայացել է ավելի մաքուր, ջրիմուռներից ու ճահճացման վտանգից զերծ ջրային տարածք, ուր լողանալն ու կազդուրվել ավելի հաճելի է: «Սեւանը ես այս տարի գտա ավելի մաքուր, ավելի խաղաղ, ավելի հյուրընկալ վիճակում: Պակասել է ջրիմուռների քանակությունը, չի նկատվում նախկին աղտոտվածությունը, ճահճացած տարածքները, ինչին, անշուշտ, նպաստել է ջրի բարձրացումը: Սեւանն ինքնին առեղծված է: Սկզբից թվում է, թե լճի ջուրը սառն է, երբ մտնում ես լողանալու, սակայն երբ ընտելանում ես, դժվար ես բաժանվում ջրից: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ տարին գոնե մեկ անգամ պետք է վայելի Սեւանի հրապույրները՝ թեկուզ հայրենասիրությունից դրդված»,-ներկայացրեց Մարինա Աբելյանը:

Սեւանի մաքրությունը անզեն աչքով նկատել է նաեւ Արմինե Գալստյանը, ով նույնպես ամեն տարի ընտանիքով Սևանի ափն է նախընտրել որպես հանգստավայր: «Որպես ծնող, ես ցանկանում եմ, որ ամեն տարի երեխաներս ամռանը հանգստանան Սեւանի ափին, վայելեն նրա կազդուրիչ հատկությունները, մաքուր օդը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի առավել նկատելի է Սեւանի ջրի մաքրությունը, ավելի գրավիչ: Ջրի մաքրությամբ ավելի են շատացել Սեւանի գրավչությունները, որոնք պետք է վայելել»,-նշեց Արմինե Գալստյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում