Ադրբեջանը խեղաթյուրել է ապրիլյան ագրեսիայի հետևանքով իր զոհերի թիվը. այս անգամ ՄԱԿ-ում

Ադրբեջանը հերթական անգամ խեղաթյուրել է ապրիլյան իր ագրեսիայի հետևանքով ունեցած զոհերի թիվը: Այս անգամ սուտը տարածվել է ՄԱԿ-ում:

2016թ. հուլիսի 8-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում այդ կազմակերպությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հերթական անգամ նշել է իր երկրի կողմից սանձազերծած պատերազմի վերաբերյալ կեղծ տվյալներ: Ալիևի ներկայացմամբ` հայկական կողմից հրադադարի ռեժիմի «խախտումները» ապրիլ ամսվա ընթացքում կազմել են 4274: Առկա է մի շատ տարօրինակ «օրինաչափություն». այդ «խախտումները», համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ամեն օր կազմում են գրեթե նույն թիվը: Դա, սակայն, բուն խնդիրը չէ: Այս հարցում ուղղակի անհրաժեշտ է դիմել պարզ թվաբանության: Եթե Ադրբեջանի ՊՆ-ի ամենօրյա «խախտումների» մասին թվերը գումարենք, կստացվի 3598. 4274-3578= 676: Իհարկե, կան հանրահաշվից հեռու մարդիկ, սակայն Ադրբեջանի ՊՆ-ում գոնե մեկը կա՞ ով հասկանում է տարրական թվաբանություն:

Մեկ այլ հարց. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության համաձայն` իրենց ենթակաները քայլեր են ձեռնարկում առանց իրենց տեղեկացնելու, սեփական նախաձեռնությամբ: Հավանական է, որ այս անգամ ևս Մամեդյարովին չեն տեղեկացրել նամակի բովանդակության մասին: Բացի այդ, ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանի նամակում նշվում է, որ ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 6 սպանված և 23 վիրավոր: Միևնույն ժամանակ, համաձայն պաշտոնական տեղեկատվության, միայն 13 զոհվածի մարմին Ադրբեջանին վերադարձրել է ղարաբաղյան կողմը, իսկ 37 զինվորական համազգեստով ադրբեջանցիների մարմիններ հավաքվել են Կարմիր Խաչի միջնորդությամբ հենց շփման գծում: Այսպիսով` 37+13=50, դեռ չենք հաշվում դիրքերում ադրբեջանցիների ունեցած զոհերը: Միաժամանակ տարօրինակ կլիներ կարծել, որ զոհվածների թիվը կարող է վիրավորների թվից լինել 2 անգամ ավելին:

Դժվար է հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում Բաքուն իր իսկ սանձազերծած ագրեսիայի հետևանքով իր զոհերի թիվը նվազեցնելով: Ենթադրենք, թե ադրբեջանական ԶՈՒ կորուստներն իրապես եղել են 6-ը, ապա ովքեր են այն 44 անձինք: Շատ հավանական է, որ դրանք եղել են վարձկաններ կամ «Իսլամական պետության» ահաբեկիչներ, որոնք էլ իրականացրել են վայրագություններ, խեղել են զոհվածների մարմիններ` իրենց բնորոշ ահաբեկչական ոճով: Բոլոր տարբերակները հավանական են: Մեկ բան ակնհայտ է` Բաքուն խճճվել է իր սեփական կեղծիքների մեջ և գրում է այն, ինչ գլխին փչում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում