Թուրքիայի բանակում ռազմական օդաչուների պակաս կա

Թուրքիայի զինված ուժերից (TSK) հեռացված 213 օդաչուից հետո բանակում խիստ նվազել է F-16 և F-4 ռազմական ինքնաթիռների օդաչուների թիվը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, հուլիսի 15-ին ձախողված ռազմական հեղաշրջումից հետո սկսված պաշտոնանկությունների շրջանակներում ամենամեծ հարվածը հասցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին, որտեղից 213 սպա օդաչու և 30 գեներալ է հեռացվել: Ըստ որոշ գնահատականների, նկատի ունենալով բանակում առկա տարբեր տեսակի ռազմական ինքնաթիռների ընդհանուր թիվը, այժմ թուրքական բանակում 675 օդաչուի պահանջ է զգացվում:

Մասնավորապես Թուրքիայի Իզմիր նահանգի Չիղլի շրջանում գտնվող 2-րդ օդային ռազմաբազայից հեռացվել է 23 սպա: Հեռացումներ են եղել նաև Դիարբեքիրում գտնվող ռազմաօդային բազայից: Հեռացվածների թվում են նաև 44 ռազմական ինքնաթիռների տեխնիկական հարցերով զբաղվող ենթասպաներ: Այժմ Թուրքիայի ռազմաօդային ուժերում առկա է տարբեր տեսակի գույքագրված մոտ 450 ռազմական ինքնաթիռ, որոնցից 300-ը F-16 և F-4 տիպի կործանիչներ են, գրում է ermenihaber.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում