Պետդեպը հակադարձել է այաթոլլա Ալի Խամենեիի մեղադրանքներին

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) վստահության հարաբերությունների վրա չի կառուցվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին այսպես է մեկնաբանել Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի ելույթը:

«Այն (համաձայնագիրը) երբեք վստահություն չի ենթադրել: Այն ենթադրել է ստուգում, համաձայնագրի կետերի կատարման ստուգման շատ խիստ կանոնակարգ,- պարզաբանել է նա լրագրողների համար անցկացված ճեպազրույցում:

Քիրբիի խոսքով՝ Թեհրանը եւ համաձայնագրի մյուս մասնակիցները կատարում են իրենց պարտականությունները, եւ ինչպես ինքը հույս ունի, կշարունակեն կատարել դրանք:

Օգոստոսի 1-ին Խամենեին հայտարարել էր, թե անցյալ տարի Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագիրը դարձել է այն բանի հերթական ապացույցը, որ «թշնամիներին վստահել չի կարելի»:

«Ոչ մի դեպքում թշնամիներին վստահել չի կարելի: Դրա հերթական օրինակը եւ համոզիչ ապացույցը դարձավ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը: Այսօր նույնիսկ այն դիվանագետները, ովքեր մասնակցել են (միջուկային համաձայնագրի կնքման) բանակցություններին, ընդունում են իրականությունը, այսինքն այն, որ ԱՄՆ-ը չի կատարում ստանձնած հանձնառությունները»,- նշել է նա իրանական հասարակայնության հետ կայացած հանդիպանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում