Թեհրանը կարող է վերսկսել ուրանի հարստացման ծրագիրը. Մեջլիսի նախագահության խոսնակ

Իրանը կարող է ավելի բարձր մակարդակով վերսկսել ուրանի հարստացման ծրագիրն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը շարունակի խույս տալ միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Press TV հեռուստաալիքին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահության պաշտոնական ներայացուցիչ Բեհրուզ Նեմաթին:

«Գործողությունների համատեղ համապարփակ պլանը համալիր ծրագիր է, եւ եթե ԱՄՆ-ը այն չկատարի, ապա մենք կարձագանքենք համապատասխան կերպով: ԱՄՆ-ի պաշտոնատարները հայտարարում են իրենց պարտավորությունների կատարման մասին, բայց նրանց խոսքերը տարբերվում են գործերից: Միջուկային համաձայնագրի իրագործումն սկսելու ժամանակվանից ավելի քան վեց ամիս է անցել, սակայն խոշոր բանկերը ձեռնպահ են մնում դրա դրույթների կատարումից, միայն փոքր բանկերն են Իրանի հետ սահմանափակ ֆինանսական գործառնություններ կատարում»,- նշել է Նեմաթին:

Նա հույս է հայտնել, որ «հինգ գումարած մեկ» խումբը (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան), այնուամենայնիվ, կկատարեն համատեղ պլանի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում