Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը

Օգոստոսի 10-ին Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Ծրագրում ընդգրկված են մնջախաղի ներկայացումներ, կրկեսային, ակրոբատիկ, աճպարարական համարներ, պարային ներկայացումներ:

Օգոստոսի 10-15-ն անցկացվող փառատոնին կմասնակցեն թատերախմբեր եւ անհատ մնջախաղացներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ Ֆրանսիայից: Մեր հանրապետությունից փառատոնում ընդգրկված են Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, ինչպես նաեւ թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիան՝ «Հոսանքին հակառակ» ներկայացմամբ:

Հանդես կգան նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, կցուցադրվեն ավարտական աշխատանքներ, պարային ներկայացումներ: Ներկայացվելու են նաեւ էթնիկ պարեր, բրեյք-դանս:

Փառատոնի օրերին անցկացվելու են վարպետության դասեր ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա հյուրերի` Մնջախաղի միջազգային ասոցիացիայի նախագահ Մարկո Ստոյանովիչի, ֆրանսահայ հայտնի դերասան Վահրամ Զարյանի եւ այլոց մասնակցությամբ:

Այդ օրերին գործելու է Երեւան-Ծաղկաձոր-Երեւան անվճար երթուղին, եւ մայրաքաղաքի բնակիչները եւս հնարավորություն կունենան մասնակցելու փառատոնին, դիտելու զանազան ներկայացումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում