«Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016»-ը՝ Արցախի Վերածննդի հրապարակում (ֆոտո)

Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում կազմակերպված «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնի շրջանակում ուշ երեկոյան ներկայացվել են դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի ու Վահան Խաչատրյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք ուղեկցվել են «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական համույթի կենդանի կատարումներով:

Փառատոնի շրջանակում կազմակերպված ինչպես ցուցահանադես-վաճառքը, այնպես էլ ազգային տարազի և արդի հագուստի ցուցադրությունները մեծ ոգևորությամբ են ընդունվել ինչպես ստեփանակերտցիների, այնպես էլ Արցախի մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների կողմից:

«Կարող ենք վստահաբար արձանագրել, որ փառատոնը լիարժեք տոն դարձավ թե՛ ստեփանակերտցիների ու մյուս արցախցիների և թե՛ Ստեփանակերտում գտնվող օտարերկրացիների համար: Նաև ուզում եմ վստահեցնել, որ Երևան – Ստեփանակերտ փոխգործակցության շրջանակներում այդպիսի միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Ողջունելով և առանձնակի կարևորելով «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը Արցախի մայրաքաղաքում անցկացնելու որոշումը՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ միջոցառումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների մշակութային համագործակցության հետագա խորացման և ընդլայնման համար: 

«Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանն էլ նշել է, որ փառատոնն իսկապես հաջողվել է՝ տարազի տարրերի միջոցով ազգային մշակույթի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելով արցախցիներին ու քաղաքի հյուրերին նվիրելով ազգային ինքնատիպ տոն:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնն այս անգամ Արցախի մայրաքաղաքում անցկացելու համար՝ Վերածննդի հրապարակում ներկա արցախցիները նշել են, որ իրենց համար մեծ խորհուրդ ուներ նաև միջոցառման անցկացման համար ընտրված վայրը՝ այն դիտարկելով որպես մշակույթի միջոցով վերածննդի յուրօրինակ դրսևորում: Իսկ Արցախի մայրաքաղաքի օտարերկրացի հյուրերն էլ ընդգծել են, որ նման գեղեցիկ ու բովանդակալից միջոցառումների առաջին անգամ են մասնակցում: 

Հիշեցնենք, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը, որը 2-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակներում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական վերջին այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այս անգամ հյուրընկալվեց Ստեփանակերտում:

Նշենք նաև, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» երկրորդ փառատոնին իրենց աջակցությունն են ցուցաբերել Ստեփանակերտի քաղաքապետարանը, ինչպես նաև ԼՂՀ էկոնոմիկայի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում