Բաքվում կհանդիպեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահները. կշեշտադրվի էներգետիկ ոլորտում համագործակցությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ օգոստոսի 8-ին կմեկնի Բաքու, որտեղ տեղի է ունենալու  Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը: Գագաթաժողովի շրջանակում Պուտինը նաև երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Ռոհանիի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բաքու ժամանումից հետո տեղի կունենա ՌԴ նախագահի հանդիպումը Ալիևի, այնուհետ Ռոհանիի հետ: Երկկողմ շփումները կիրականացվեն գագաթաժողովի շրջանակում» – ասել է նա՝ շեշտելով, որ նման ձևաչափով սա նախագահների առաջին հանդիպումն է: 

Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ  ռուսական պետության ղեկավարի երկկողմ հանդիպումների թեմատիկան Կրեմլում չեն մանրամասնել, սակայն օրերս «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Պուտինը մասնավորապես Բաքվի և Մոսկվայի համագործակցության հարթությունում մատնանշել է առևտրի և գյուղատնտեսական ոլորտներին առնչվող հեռանկարները, ինչը ենթադրում է ռուսական շուկա ադրբեջանական մթերքի արտահանման ծավալների մեծացում, ռուսական գյուղտեխնիկայի մատակարարում Ադրբեջանին և այլն:

Յուրի Ուշակովի խոսքով, գագաթաժողովի օրակարգում կկարևորվի նաև եռակողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը՝ էներգետիկ ոլորտի շեշտադրմամբ:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս   էներգետիկ ոլորտում համագործակցությանը, մասնավորապես,   կասպյան տարածաշրջանում նավթագազային վայրերի հետազոտման և կառուցման նախագծերին»,-նշել է ՌԴ նախագահի օգնականը՝ հավելելով, որ կողմերը կայանալիք հանդիպմանը կքննարկեն այս հարցերը: Անդրադարձ կլինի նաև  Սիրիայի ու Աֆղանստանի խնդիրներին, ահաբեկչության և  թմրավաճառության դեմ պայքարին:

Իր հերթին Բաքուն Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը կարևորում է  «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման տեսանկյունից, ասել է  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում