«Սասնա ծռեր» խմբի անդամների հանձնվելու որոշումն իրենցն է եղել. Ենիգոմշյան

«Սասնա ծռեր» խմբի անդամների հանձնվելու որոշումն իրենցն է եղել, ուրիշ ոչ ոք չէր կարող այդ որոշումը կայացնել: Այս մասին կալանքից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ հարգում է տղաների զենքերը վար դնելու տղաների գաղափարը: Ըստ նրա՝ նրանք դրա համար ունեին պատճառներ, և որ «Սասնա ծռերին» հաջողվեց դրական իմաստով երկրում ստեղծել այնպիսի վիճակ, որը չէր հաջողվում երկար տարիների ընթացքում: Այսինքն՝ որակյալ թվով ժողովրդի մոտ վախի զգացումը վերացնել եւ եթե իրենք առաջին, երկրորդ օրը զենքերը վայր դնեին այդ իրավիճակը չէր ստեղծվի:

Նրա խոսքով՝ քաղաքական եւ համազգային առումով այլ իրավիճակում ենք, քան կայինք մինչեւ հուլիս 16-ը:

Հարցին՝ ինչու՞ չկայացավ Սերժ Սարգսյան-Ժիրայր Սեֆիլյան հանդիպումը, Ենիգոմշյանն ասաց, թե Ժիրայր Սեֆիլյանն ասել է՝ որպեսզի երկիրը ստեղծված իրավիճակում շահեկան դուրս գա, մի պահ մի պահ պայմանականորեն մի կողմ պիտի դնել Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը:

«Ես ամսի 17-ի երեկոյան հանդիպել եմ ե՛ւ ԱԱԾ բարձրաստիճան պատասխանատուների հետ, ե՛ւ իրենց ներկայացուցչի հետ հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ, որից հետո ՊՊԾ գունդ եմ մտել եւ հանդիպել տղաներին: Ամենաառաջին օրը Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրեց իր առաջարկությունը՝ մի խնդրի շուրջ պետք է բոլորը համակարծիք լինեն, որ ստեղծված հարցն արյունահեղությամբ չպետք է ավարտվի: Երկրորդ՝ այս իրավիճակից մեր երկիրը պետք է շահեկան դուրս գա, որը նշանակում է թեկուզև մի պահ պայմանականորեն ընդունել, մի կողմ դնել Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը, որը դրել էին «Սասնա ծռերի» տղերքը: Եվ Ժիրայր Սեֆիլյանի կողմից առաջարկվել էր հանդիպել Սերժ Սարգսյանին եւ փորձել հանգել մեր երկրի վերաբերյալ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին կոնկրետ իսկական որակական բարեփոխումների շուրջ ռեալ խոստումների եւ գործնական քայլերի: Սեֆիլյանն ասել էր, որ այդ դեպքում ինքը կփորձի տղաներին համոզել, որպեսզի իրենց ամենաառաջնային պահանջներից հրաժարվեն»,-ասաց նա:

Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ այս առաջարկներին ի պատասխան իշխանություններն ԱԱԾ ղեկավար կազմի միջոցով պատասխանել էին, որ պատանդ ոստիկանների ազատ արձակվելու դեպքում մնացած բաների մասին հետո կխոսեն: Ոստիկանները 4-5 օր անց ազատ արձակվեցին, բայց խոստումը չկատարվեց:

«Եթե հիշում եք, Վիտալի Բալասանյանն ասաց, որ եթե տղաները վար դնեն զենքերն ու հանձնվեն, Սերժ Սարգսյանը պատրաստ կլինի ընդունել Ժիրայր Սեֆիլյանին եւ իր ասելով բացատրություներ տալ, ոչ թե հարցեր քննարկել: Դա ես չեմ կարծում, որ պայմանավորված էր: Բայց դա բանակցող կողմի՝ Վիտալի Բալասանյանի սուբյեկտիվ կարծիքը չէր»,- ընդգծեց Ալեք Ենիգոմշյանը:

Ինչ վերաբերում է իր նկատմամբ մեղադրանքին, Ենիգոմշյանն իրեն առաջադրված մեղադրանքները, ե՛ւ իրեն ձերբակալելու, ապա կալանավորելու գործընթացն անհիմն է համարում: Նշենք, որ Ալեք Ենիգոմշյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ:

Տեսանյութը՝ armtimes.com-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում