Իրանն ու Ադրբեջանը համատեղ բանկ կստեղծեն. IRNA

Իրանն ու Ադրբեջանը մտադիր են համատեղ տարածաշրջանային բանկ ստեղծել եւ դրանով զարգացնել երկու երկրների ֆինանսական փոխգործողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական IRNA լրատվական գործակալությունը, հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլլա Սեյֆը:

«Այդ առաջարկությունը կատարվել է մեր կողմից` բանկային հարաբերությունները խորացնելու, ինչպես նաեւ հաշվարկա-վճարային գործողությունները պարզեցնելու նպատակով, եւ համաձայնության առարկա է դարձել: Ապագայում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը այդ բանկը ստեղծելու համար», -հայտարարել է Սեյֆը:

Նա նաեւ ընդգծել է երկու երկրների զբոսաշրջիկների եւ ձեռնարկատերերի համար ֆինանսական գործողությունների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

IRNA-ն նշել է, որ Վալիուլլա Սեյֆը գտնվել է հուլիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Բաքու կատարած այցին գլխավորած պատվիրակության կազմում, որտեղ հանդիպում է տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի ղեկավարների միջեւ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում