«Ճանաչի՛ր Հայրենիքդ 2016». Վրաստանի հայ համայնքի անդամներն այցելել են Հայաստան և Արցախ

Վրաստանի Հայ համայնքի «Ճանաչի՛ր Հայրենիքդ 2016» չորրորդ ամառային ճամբարը տասն օրվա ընթացքում հնարավորություն է տվել տեղի համայնքի անդամներին այցելելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարևորագույն պատմամշակութային և բնության հուշարձանները: Շփվելով անկախ Լեռնային Ղարաբաղի ամենօրյա կյանքի հետ՝ նրանք կարողացել են ճանաչել Հայրենիքը: Տասը հագեցած օրերը թույլ են տվել Վրաստանի հայ համայնքի չորրորդ ամառային ճամբարի մասնակիցներին իրենց աչքերով տեսնել այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Նորավանքը, Տաթևի վանքը, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը, Շուշիի բերդ-ամրոցը, Հադրութը, Տիգրանակերտը, Ստեփանակերտը, Քարահունջը…

««Ճանաչիր Հայրենիքդ 2016» ճամբարի շրջանակներում Վրաստանի հայ համայնքի անդամներն անմոռանալի ժամանակ անցկացրին Ջերմաջուրում, Սևանա լճում, Ունոտ գետային կիրճում և շատ այլ վայրերում: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ճամբարի անցկացման հիմնական նպատակն, իհարկե, Վրաստանի հայ համայնքի անդամներին պատմական Հայրենիքի հետ ծանոթացնելն էր: Չորրորդ ամառային ճամբարի մասնակիցների մեծամասնությունը առաջին անգամ եղան Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնային Ղարաբաղում Ամառային Ճամբարի անցկացումը հատուկ նշանակություն ստանձնեց անկախ Արցախի բնակիչների դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում այս տարվա ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հաշվառմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում են ծրագրի կազմակերպիչները:

«Իմ ծանոթներից շատերը փորձում էին տարհամոզել ինձ մասնակցել ամառայի ճամբարին: Ասում էին, որ Արցախում պատերազմ է,այնտեղ վտանգավոր է: Ամենահետաքրքիրն այն է, որ, դա ասում էին այնպիսի մարդիկ, ովքեր երբեք չեն եղել Արցախում, ովքեր նորությունների մեծ մասը իմանում են հեռուստացույցից: Երբ ես առաջին անգամ տեսա Շուշին և քաղաքի դարպասների վրա գրված հայկական տառերը, ինձ համակեց ազգային հպարտության զգացումը: Տասը օրը շատ արագ անցավ… Ոչ ոք չէր ուզում վերադառնալ: Արցախը դրախտ է: Այտեղ ամեն ինչ յուրահատուկ է՝ բնությունը,ճարտարապետությունը և, իհարկե, մարդիկ: Այդ մարդիկ իրենց ձեռքերով էին պաշտպանում այդ հողը: Մեր պարտքն է գնալ, խոնարհվել նրանց առջև, շնորհակալություն ասել և ամեն ինչ անել, որպեսզի Արցախի հողի վրա խաղաղություն լինի: Արցախում խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Շուշիի բերդի պարիսպները կզարդարեն հայկական տառերը, իսկ հայորդիները՝ Արցախում և Սփյուռքում կկանգնեն հայկական պետության սահմաններին: Ես անպայման կվերադառնամ Լեռնային Ղարաբաղ և կտանեմ ինձ հետ ընկերներիս և հարազատներիս: Բոլորը պետք է իմանան, որ Արցախում ոչ միայն անվտանգ է հանգստանալը, այլև դա հիանալի ապրելու վայր է…», -ասում է «Ճանաչի՛ր Հայրենիքդ 2016» ամռային ճամբարի մասնակից 16-ամյա Մարիան:

Վրաստանի հայ համայնքը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել «Ճանաչիր Հայրենիքդ-2016» ծրագրի իրականացման հարցում: Հատուկ շնորհակալություն են հայտնում Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը և «Տաթևեր» ճոպանուղու վարչությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում