Թուրքիան չի կարող լինել Մինսկի խմբի համանախագահ, երբ կողմերից մեկը համաձայն չէ. Բեքարյան

Թուրքիան չի կարող լինել Մինսկի խմբի համանախագահ, երբ կողմերից մեկը համաձայն չէ. Բեքարյան

Թուրքիան Մինսկի խմբի անդամ է և ԼՂ խնդրում նրա  ակտիվությունը նորություն չէ: Բնականաբար, նա կուզենար լինել Մինսկի խմբի համանախագահող երկիր, որը հնարավոր չէ, եթե կողմերից մեկը համաձայն չէ, իսկ հայկական կողմը համաձայն չէ:

Այդ մասին  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ թուրքական կողմի ակտիվությունը։

«Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը որպես հակամարտության կողմեր երբևէ համաձայնություն չեն տա Թուրքիայի համանախագահությունը, ապա այդ երկիրը չի կարող ՄԽ համանախագահ լինել: »,– շեշտեց Բեքարյանը՝ հավելելով, որ Չավուշօղլուի՝ ԼՂ խնդրի շուրջ հայտարարություններից, թե Ռուսաստանի հետ գնում են խորհրդատվություններ, չպետք է ահաբեկվել, դա քաղաքական  սովորական գործընթաց է. թուրքական ցանկությունները կանխել չենք կարող, բայց ցանկությունն այլ բան է, հնարավորությունն՝ այլ:

Հիշեցնենք, որ  Չավուշօղլուի հայտարարության մասով  ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր՝ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։

«Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է հեռու մնալ կարգավորումից»,- նշել էր Բալայանը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի դերակատարմանը ԼՂ խնդրի կարգավորման հարցում, քաղաքագետ Բեքարյանն իր հերթին հիշեցնում է, որ ռուսական կողմն ակտիվորեն տանում քաղաքական-դիվանագիտական մի գիծ, որ պետք է գտնվի այնպիսի լուծում, երբ կողմերից ոչ մեկը հաղթած կամ պարտված իրեն չի զգա:

Բեքարյանն այստեղ մեջբերեց ՀՀ նախագահի երեկ Մոսկվայում հնչեցրած միտքը, թե «նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը»: Այսինքն՝ ղարաբաղյան խնդրի էությունը ԼՂՀ-ի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար, այլ կերպ՝  հարցի լուծումն այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է:

Պատգամավորը հարկ համարեց ընդգծել, որ Ռուսաստանը միջնորդ երկիր է և նա չի կարող կողմերից մեկի կողմը բռնել, բայց հաշվի առնելով, որ չկա հաշտության համաձայնագիր, ամեն րոպե պատերազմի վերսկսման վտանգ գա, ուստիև անհանգստանալու առիթ:

«Բանակցային գործընթացն ինքնին ճոճանակ է, ու այն անընդհատ միտում ունի այս ու այն կողմ գնալու: Քանի դու դրա արդյունքները չես տվել թղթին, չես ստացել քո հանրությունների աջակցությունը և ամբողջ գործընթացով հաստատում, վավերացում չես ստացել, իհարկե, անհանգստանալու առիթ կա: Այդ անհանգստությունները չեն փարատվելու ինտենսիվ հանդիպումներով, ակտիվ բանակցություններով»,- ընդգծեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում