Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Աջարիայի կառավարության նախագահի հետ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Աջարիայի կառավարության նախագահի հետ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության (ԱԻՀ) կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեի հետ:

ԱԻՀ կառավարության ղեկավարը, շնորհավորելով ՀՀ գլխավոր հյուպատոսին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր պաշտոնավարման ընթացքում կնպաստի ավանդական ջերմ հարաբերությունների հետագա խորացմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Զուրաբ Պատարաձեն առանձնացրել է իր կառավարության առաջնահերթությունների իրագործման շրջանակներում մի շարք ուղղություններով, այդ թվում՝ զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում, երկկողմ համագործակցության հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին շնորհավորել է ԱԻՀ կառավարության նորընտիր նախագահին և ընդգծել, որ կգործադրի հնարավոր ջանքերը երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան շարունակելու համար: Եղիշե Սարգսյանն ԱԻՀ նախագահին ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները և ներդրումային հնարավորությունները:

Զրույցի ընթացքում քննարկվել է Աջարիայի հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական, կրթամշակութային ոլորտներում փոխգործակցությունը:

Ապակենտրոնացված համագործակցության համատեքստում, մասնավորապես, ընդգծվել է ՀՀ Լոռու մարզի և Վրաստանի ԱԻՀ միջև ստորագրված համագործակցության մասին պայմանագրի հիման վրա իրականացվող ծրագրերի, Վանաձոր-Բաթումի, Ալավերդի-Քոբուլետի, Սպիտակ-Խելվաչաուրի քաղաքների միջև համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են հայ համայնքի կարևոր դերակատարությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում