Իրանը փորձում է առաջ մղել «Թուրքական հոսք»-ը, Թուրքիան «Գազպրոմի» հետ բանակցություններում նրան օգտագործել որպես հաղթաթուղթ

Իրանը փորձում է առաջ մղել «Թուրքական հոսք»-ը, Թուրքիան «Գազպրոմի» հետ բանակցություններում նրան օգտագործել որպես հաղթաթուղթ

Իրանը ցանկանում է Թուրքիայի միջոցով կարգավորել գազի մատակարարումները Եվրոպա: Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանի ուղիղ մրցակիցն է ինչպես ԵՄ-ի, այնպես թուրքական շուկայում, իսկ Թուրքիայի հետ Մոսկվան վերականգնել է բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ, գրում է gazeta.ru-ն:

Անկարան «Գազպրոմի» հետ բանակցություններում  Թեհրանին հնարավոր է օգտագործի որպես հաղթաթուղթ. պոտենցիալ մատակարարումների սպառնալիքը կարող է ռուսական ընկերությանը ստիպել թուրքերի համար զեղչերի գնալ, կարծիք է հայտնել ՌԴ տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, քաղաքագետ Նիկոլայ Պետրովը:

«Մեզանում համագործակցությունը շարունակելու քաղաքական կամք կա: Մենք պատրաստ ենք համատեղ աշխատել էներգետիկայի, էլեկտրաէներգետիկայի և  Եվրոպայի հետ գազատրանսպորտային հաղորդագծերի միացման հարցերում»,-իր հերթին ասել է ԻԻՀ-ի արտգործնախարար Ջաֆադ Զարիֆը թուրք գործընկերոջ հետ բանակցություններից հետո: Նա հավելել է, որ Թեհրանը պատրաստ է մեծացնել Թուրքիա գազի մատակարարումների ծավալը, ավելին, սա համարել առաջնահերթ թեմա:

Ներկա դրությամբ Իրանը Թուրքիա տարեկան շուրջ 9 միլիարդ խորանարդ գազ է փոխադրում խողովակաշարով, որի հզորությունը կազմում է 10 մլրդ խորանարդ: Թուրքիայի գազային պահանջների մեծ մասը բավարարում է Ռուսաստանը՝ շուրջ 60 տոկոս: Միայն 2015-ին Թուրքիան 24 միլիարդ խորանարդ ծավալով ռուսական գազ է գնել՝ առաջ անցնելով Իտալիայից՝ 24.42 միլիարդ և  դառնալով երկրորդը «Գազպրոմի» եվրոպական կոնտրագենտների շարքում՝ Գերմանիայից հետո, որը գնել է 45.3 միլիարդ խորանարդ:

Բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում»-ի (ВР) գնահատականներով,  Իրանը տիրապետում է աշխարհում գազի խոշորագույն պահուստների՝ 33 տրիլիոն խորանարդ, տոկոսային լեզվով՝ 17-18 տոկոսը համաշխարհային պաշարների: Ռուսաստանի գազային պահուստները նույն ընկերության տվյալներով 32.9 տրիլիոն խորանարդ է, մինչդեռ «Գազպրոմն» իր գազային պաշարները գնահատում է 36 տրիլիոն:

ՌԴ նավթագազային արդյունաբերողների միության առաջատար փորձագետ Ռուստամ Տանկաևի խոսքով, իրանական գազի՝  Թուրքիա և Եվրոպա մատակարարումների համար տեխնոլոգիական միջանցք արդեն իսկ կա, այն ընդամենը հնարավոր է ընդլայնել՝ հիշեցնելով, որ այդ միջանցքն անցնում է քրդական տարածքների միջով, որոնք փաստացի նրանցից բացի ոչ մեկ չի վերահսկում:

«Դեռևս Իրանն ինչ-որ կերպ պայմանավորվել է նրանց հետ, որպեսզի մատակարարումներ կատարի Թուրքիա»,-ընդգծել է նա և հավելել, որ Իրանը 30-35 միլիարդ խորանարդ գազ կհասցնի Թուրքիա, որը  «Գազպրոմի»  եվրոպական մատակարարումների 1/5-ն է՝ ներառյալ Թուրքիան: Նախորդ տարի այն կազմել է 158 միլիարդ խորանարդ:

Ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը գտնում է, թե վաղ է խոսե Եվրոպա լ իրանական գազի մատակարարումների մասին, քանի որ դրա համար ոչ ենթակառուցվածքներ կան, ոչ էլ կոնկրետ համաձայնություն:

«Իրանն այժմ ընտրում է՝ կենտրոնանալ  Եվրոպայի, թե՞ Ասիայի շուկայի վրա»,-շեշտում է նա՝ նկատելով, թե իրանական կողմի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները կարող են ինչ-որ պահի վերականգնվել:

Իր հերթին ՌԴ տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, քաղաքագետ Նիկոլայ Պետրովը չի բացառում, որ Իրանն ու Ռուսաստանը կկոորդինացնեն իրենց գործողությունները՝ նպատակ ունենալով պայմաններ թելադրել Եվրոպա գազի մատակարարումների համար:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում