ՌԴ-ի ՊՆ ղեկավարը Բաքվում է

ՌԴ-ի ՊՆ ղեկավարը Բաքվում է

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեծ պատվիրակության ուղեկցությամբ աշխատանքային այցով գտնվում է Բաքվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, օգոստոսի 13-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան, որտեղ նա «Ալաբինո» հրաձգարանում մասնակցել է «Բանակային միջազգային խաղեր – 2016» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպում է ունեցել Զաքիր Հասանովի հետ, որտեղ կողմերը քննարկել են «երկկողմանի ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները»:

«Կարծիքներ են փոխանակվել նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրով», -ասել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով, Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ալիեւը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Շոյգուի այցի շրջանակում «քննարկվելու են երկու երկրների միջեւ հետագա փոխադարձ համագործակցության հարցեր»:

Սերգեյ Շոյգուի Ադրբեջան այցը կավարտվի այսօր` օգոստոսի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում