Կամ հարգեք այլոց վիշտը, կամ լռեք

Կամ հարգեք այլոց վիշտը, կամ լռեք

Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ,
Ինչ որ տեսել եմ մարդկային հոգում:
Մարդկային հոգում զազիր ու նանիր,
Համրել եմ հազար գարշանք ու նողկում: 

(Աբու Լալա Մահարի)

Ականատեսը եղանք հերթական ցավալի լուրին: Մահացավ մոտ մեկ ամիս առաջ վիրավորված ոստիկանը: Թվում էր, թե անկախ քաղաքական հայացքներից, անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելու հանգամանքից, բոլորը պետք է ցավեին ու վշտակցեին մարդու կորստյան համար:
Եթե ոմանք այնքան փոքրոգի են, որ չեն կարող զգալ այլոց վիշտն ու տառապանքը, նվազագույնը, որ կարող էին անել, պարզապես լռելն էր: Իզուր չէ, որ հոգեհանգստյան ու թաղման արարողությունների ժամանակ, մարդիկ ննջեցյալի ներկայությամբ խոսում են շշուկով: Դա միստիկ պատկերացում չէ, սնոտիապաշտություն չէ, դա տարրական հարգանք է հանգուցյալի հիշատակի ու նրա հարազատների նկատմամբ: Դարեր շարունակ համայն մարդկությունը լռել է մահվան առջև, կարկամել ու խոնարհվել է նույնիսկ ուրիշների վշտից ու տառապանքից:

Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպում, երբ Ռասկոլնիկովը խոնարհվում է մարմնավաճառ Սոնյայի առջև, Սոնյան զարմացած հարցնում է, ինչու ես խոնարհվում, դեռ ոչ մեկն իմ առջև չի խոնարհվել: Ռասկոլնիկովը պատասխանում է, ես խոնարհվում եմ ոչ թե քո, այլ համամարդկային ողջ տառապանքի առջև: 

Այո, երկու կանանց սպանած Ռասկոլնիկովը չդիմացավ մարդկային տառապանքի առջև, նրա արյունոտ ձեռքերն ու անմաքուր խիղճը կարկամեցին այլոց վշտից ու ծնկի բերեցին: Իսկ մենք մեր «մաքուր ձեռքերով» ու «անարատ խղճով» այնքան ճղճիմ ենք, որ չենք կարողանում նույնիսկ լռել, պարզապես լռել, ուղղակի լռել: Դա նվազագույնն է, որ պահանջվում էր մեզանից:

Գուցե ոմանք իրենց անմա՞հ են կարծում, գուցե երևակայում են, որ իրենք երկրային բացառիկ զարդ են և Աստծո միակ սիրելին ու երբեք չե՞ն բռնելու երկնային ուղին:
Կարդում եմ մահվան գույժը հաղորդած կայքերի տակ արված մեկնաբանությունները, ֆեյսբուքյան ստատուսներն ու պարզապես սարսափում:

Այդքան բացահայտ ցինիզմը, այդ աստիճան արհամարանքն ուրիշի մահվան, վշտի ու տառապանքի նկատմամբ խոսում է միայն բարոյական արժեհամակարգի անկման ու այլասերման մասին:

Որտեղի՞ց մեր մեջ այդքան չարություն: Որտեղի՞ց մեր մեջ այդքան իրար ատելու, իրար հոշոտելու կամք: Թե՞ մեզ մայր է բերել, իսկ զոհվածն անմայր էր, անծնող: Թե՞ մենք ինքներս ծնող ենք, իսկ զոհվածն` անզավակ: Թե՞ միայն մեր զավակն իրավունք ուներ զգալու ծնողական գուրգուրանք ու խնամք, իսկ զոհվածի զավակն անարժան էր զգալու ծնողի փաղաքշող ձեռքը: Կամ գուցե միայն մե՞նք ունեինք երազանքներ, իսկ զոհվածը աներազ էր ու աննպատակ:

Ինչու՞ ենք մենք այդքան անտարբեր այլոց նկատմամբ, ինչու՞ ենք միայն մեր ցավը համարում անտանելի, իսկ այլոց ցավի վրա ունակ ենք ծիծաղել ու անցնել առաջ: Ինչու՞ ենք այդ աստիճան մեծամիտ, որ մոռանում ենք ինչ ցանես, այդ էլ կհնձես ասացվածքը ու կարծում ենք, որ մեր մահով պետք է արար աշխարհը մատնվի սգի: Եթե մենք չենք կարողանում սգալ այլոց մահը, ապա մահվան մահճում պառկած երբ զգանք ապրողների քմծիծաղը, ապա չպետք է զարմանանք ու անակնկալի գանք: Մեր անզգայացած ու կիսահող դարձած սիրտը չպետք է կսկծա ցավից, քանի որ ստացանք այն, ինչ ապրած տարիներին տվեցինք ուրիշներին:

Մեզանից չի պահանջվում լաց ու արտասուք, չի պահանջվում ողբ ու կական, չի պահանջվում երկարաշունչ մահախոսական, չի պահանջվում հավերժ սուգ: Պահանջվում է միայն հարգանք այլոց վշտի նկատմամբ ու լռություն: Ու եթե անկարող ենք նույնիսկ լռել ու պարտադիր ենք համարում հանգուցյալին դեռևս հողին չհանձնած պարպել մեր մեջ կուտակված մաղձը, ապա վայ մեզ:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում