Անապահով ընտանիքների երեխաները վարձավճարի մինչև 90 տոկոս զեղչման հնարավորություն ունեն

Անապահով ընտանիքների երեխաները վարձավճարի մինչև 90 տոկոս զեղչման հնարավորություն ունեն

Երկու շաբաթից մեկնարկող ուսումնական տարում առաջին անգամ համալսարան ոտք կդնի 11 հազար ուսանող, նրանից 1800-ը կսովորի անվճար հիմունքներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը` ներկայացնելով նաև զեղչային համակարգը, որ գործում է ՀՀ քաղաքացի ուսանողների համար: «Այս տարի մենք նորամուծություն արեցինք ու ընդունելության դիմում-հայտերի մեջ մտցրեցինք հատուկ տեղեկատվություն սոցիալապես անապահով ընտանիքներից դիմորդների վերաբերյալ: Դիմում-հայտերի հետ ներկայացվել է նաև այդ տեղեկատվությունը, որ առաջին կուրսի առաջին կիսամյակում արդեն տրամադրվեն զեղչերը»,– ասաց բանախոսը: Նրա տեղեկացմամբ` սոցիալապես անապահովներին տրամադրվող զեղչերը բավականին բարձր են: «Անապահովության սահմանային միավորը 30 է, դրանից բարձր միավորի դեպքում զեղչը բարձրանում է մինչև 80-90 տոկոս»,- ասաց Մելիքյանը: «Փարոս» համակարգից օգտվող բոլոր ուսանողները` անկախ որ կուրսում են սովորում, պետք է մինչև սեպտեմբերի 10-ը դիմեն բուհին` ներկայացնելով անապահովության մասին տեղեկանք, ինչն էլ բուհը պետք է ուղարկի Կրթության ու գիտության նախարարություն, որտեղից էլ սահմանվում են զեղչերը:

Ինչ վերաբերում է մարտական հերթափոխ իրականացրած ու ապրիլյան դեպքերին մասնակցած զորացրված ուսանողներին, ապա նրանց դեպքում ևս զեղչային պայմաններ են գործում: «Մարտական հերթափոխ իրականացրած ուսանողներն ուսման վարձի 30 տոկոսի չափով զեղչ են ստանում: Իհարկե, առանձնահատուկ վերաբերմունք կա ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների նկատմամբ: Նրանց ու զոհվածների ընտանիքների անդամների համար կիրառվելու են ընդհուպ մինչև անվճար ուսուցման զեղչեր»,-տեղեկացրեց Սասուն Մելիքյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ այս զեղչային պայմանները գործում են պետական բուհերի դեպքում, մասնավորները զեղչեր սահմանում են իրենց որոշումով: Իսկ ՀՀ տարածքում գործող արտասահմանյան բոլոր բուհերը պարտավոր են ընդունել այն օրենքները, որ կիրառվում են ՀՀ-ում, այսինքն` այդ բուհերը ևս պետք է զեղչեր հատկացնեն սոցիալապես անապահովներին ու մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին:

Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն էլ նշեց, որ կրթության մասին օրենքում իրականացված փոփոխությունների արդյունքում բուհերը պարտավորվում են ուսանողներից հավաքած միջոցների 7 տոկոսն ուղղել հենց ուսանողներին զեղչերի տեսքով: Նրա խոսքով` իրենց համալսարանը սեփական նախաձեռնությամբ լայնացրել է զեղչերից օգտվողների ցանկը: «Եթե օրենքը պահանջում է, որ մարտական հերթապահություն իրականացրածներին զեղչ տրամադրվի, մենք իրականացնում ենք զեղչ բոլոր ծառայած տղաների համար: Մեզ մոտ տղաների քանակն էլ ավելի քիչ է, բոլորին էլ տրամադրում ենք: Կամ օրենքը պահանջում է, որ պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած ծնողների երեխաների նկատմամբ զեղչը գործի, մենք այն տրամադրում են պատերազմի, ռազմական գործողություններին բոլոր մասնակիցների երեխաներին»,-հավելեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում