Արման Նավասարդյանը բանակցություններում առաջընթաց չի ակնկալում Ադրբեջանի ապակառուցողականության պատճառով

Արման Նավասարդյանը բանակցություններում առաջընթաց չի ակնկալում Ադրբեջանի ապակառուցողականության պատճառով

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում այնպիսի դիրքորոշում ունի, որ նման լոզունգներով ու կոչերով գնալ արդյունավետ բանակցությունների, անհնար է: Օգոստոսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Այսօրվա ժամանակի և տարածության մեջ հնարավոր չէ որևէ հարց լուծել Ադրբեջանի հետ առանց աշխարհին հասկացնելու, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները չեն գործում, որովհետև Ադրբեջանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը միայն իր կազմում պետք է լինի, իսկ դա մենք որևէ կերպ չենք ընդունում և չենք ընդունելու»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց դիվանագետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է վարել ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Նավասարդյանն ընդգծեց, որ Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են բնաջնջել Հայաստանը՝ դա եղել և մնում է: «Հարցի լուծումն այստեղ այն է, որ մենք, հասկանալով այս ամենը, պետք է միասնական լինենք, ամեն րոպե պատրաստ լինենք և հասկանանք, որ ոչ ոք մեզ մեծ հաշվով չի օգնի, եթե մենք ինքներս չլուծենք մեր խնդիրները»,- ասաց Արման Նավասարդյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը ցանկանում է ԼՂ հակամարտությունը դուրս բերել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից և վերցնել իր վերահսկողության տակ՝ Նավասարդյանը նշեց, որ դա բացառվում է: «Ղարաբաղի հարցը միակ հարցն է, որի շուրջ Արևմուտքն ու Արևելքը, կարծես, առճակատման չեն գնում: Սա շատ կարևոր է: Ռուսաստանը, եթե անգամ ցանկանա, չի կարող այդ ձևաչափից դուրս գալ: Դա կարող է շատ վտանգավոր լինել իր համար: Այդ դեպքում հարցը չի լուծվի, իսկ Ռուսաստանը կկորցնի և Ադրբեջանը, և Հայաստանը: Այսպիսի վտանգ Ռուսաստանի համար կա»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում