ԱՄՆ դեսպանատունն անցնում է քաղաքական հաշվեհարդարի ու ահաբեկման մարտավարությանը

ԱՄՆ դեսպանատունն անցնում է քաղաքական հաշվեհարդարի ու ահաբեկման մարտավարությանը

Երբ հուլիսի վերջին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը խրոխտ հայտարարում էր, թե կարող են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի պաշտոնյաների նկատմամբ, մեր հանրությունը նախընտրեց ուշադրություն չդարձնել ամերիկացի դիվանագետի սպառնալիքներին՝ թերևս համարելով, որ երկրի առջև այդ պահին ավելի լուրջ մարտահրավերներ կան և պետք չի կենտրոնանալ օտար դիվանագետի՝ թեկուզ և խիստ վրդովեցուցիչ հայտարարության վրա։ Չգիտեմ, թե ինչպես էր այն ժամանակ արձագանքել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Միլզի՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու այդ փորձին, կամ արդյո՞ք արձագանքել է, բայց փաստը մնում է այն, որ ԱՄՆ դեսպանատունն այսօր սկսել է կյանքի կոչել մեկ ու կես ամիս առաջ հնչեցրած սպառնալիքները։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ «Արարատ» ՀԸ տնօրեն Միհրան Հակոբյանը, որը ամերիկացիների կողմից հրավիրվել էր մասնակցելու «Open World 2016» ծրագրին, այնուամենայնիվ ԱՄՆ չի մեկնի, քանի որ Հայաստանում այդ երկրի դեսպանատանը որոշել են, թե Հակոբյանի՝ Facebook սոցիալական ցանցում արտահայտած մտքերն «անհամատեղելի են ծրագրի էության հետ»։ Փաստորեն «Նաջարյանը փոշմանել է» և այդ մասին լուրը տեղեկատվական արտահոսքի ձևով հրապարակել երևանյան թերթերից մեկի էջերում։

«Նաև ստացվում է, որ ԱՄՆ դեսպանատունը հրավիրում է մասնակցել ծրագրի, այնուհետև չեղարկում է (առանց այդ մասին տեղեկացնելու հրավիրվածին), որպեսզի թերթային «սլիվի» միջոցով հրավիրվածի հաշվին որոշ մարգինալ խմբավորումների և ԱՄՆ դեսպանատանը կից լակեյների ակումբի մոտ միավորներ հավաքի, հրավիրված անձի հաշվին ինքնահաստատվի: Իրենք առաջարկում են, իրենք չեղարկում են, իրենք այդ տեղեկատվությունը տարածում են», ֊ այս առիթով նույն Facebook-ում գրել է Միհրան Հակոբյանը՝ միաժամանակ փաստելով, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան չինովնիկները կամ մանր քաղաքական աճպարարությամբ են զբաղված կամ էլ` զինված խմբի ու նրանց ֆեյսբուքյան քֆուրչիների բանդայի թիկունքն են ամուր պահում:

Միհրան Հակոբյանն ընկերս է, և այս հարցը նրա հետ մանրամասն քննարկելու հնարավորություն, բնականաբար, ունեցել եմ։ Իհարկե, վերլուծելու շատ բան չկա, ամեն ինչ առանց այն էլ չափից ավելի պարզ է (Միհրանն այդ մասին արդեն խոսել է վերոնշյալ գրառման մեջ), բայց որոշ խնդիրների ես, այնուամենայնիվ, կցանկանայի անդրադառնալ։ Կամ, ավելի ճիշտ, մի քիչ այլ դիտանկյունից նայել՝ փորձելով հասկանալ թե ինչո՞վ են, իսկապես, զբաղվում ԱՄՆ դիվանագետները մեր երկրում։ Որովհետև այն, ինչ տեղի ունեցավ նրանց և Միհրան Հակոբյանի շփումների արդյունքում, դա ընդամենը տհաճ միջադեպ չէր։ Դա նոր քաղաքականություն է, որի մասին, ինչպես արդեն ասացի, դեսպան Միլզը հայտարարել էր հուլիսի վերջին օրերին։ Ճիշտ այն ժամանակ, երբ նույն ԱՄՆ դեսպանատան հետ առնչվող, նրանց դրամաշնորհային ծրագրերից օգտվող, նրանց ջերմությունն ու խնամքը վայելող զանազան գործիչներ, իրավապաշտպաններ ու լրատվամիջոցներ անթաքույց պայքար էին սկսել Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինյալների հետ հարցն ամեն գնով խաղաղ կարգավորել փորձող ՀՀ իշխանությունների ու իրավապահ համակարգի դեմ։

Ո՞րն էր ԱՄՆ դեսպանատան և դրա արբանյակների նման գործունեության տրամաբանությունը։ Միթե՞ Միացյալ Նահանգներում այդպես կվարվեին ոչ թե գունդ, այլ, թեկուզ, կոշկակարի կրպակ գրաված և պատանդ պահող զինյալների հետ։ Իսկ իրավապահ մարմինների՝ վտանգավոր գոտում իրականացվող գործողությունները խոչնդոտող ցուցարարների հե՞տ։ Ի՞նչ կանեին ԱՄՆ-ում…

Գիտե՞ք, միշտ հեշտ է խոսել ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ խոսքի, կամարտահայտության և այլ համամարդկային արժեքների մասին։ Կար ժամանակ, երբ ամերիկացի գործիչների մեծամասնության համար այս ամենը պարզապես բառեր չէին։ Վստահ եմ` հիմա էլ կան նման մարդիկ, ովքեր նվիրված են այդ գաղափարների տարածման գործին։ Ծրագրեր են մշակում, քայլեր ձեռնարկում, անգամ զոհողությունների գնուն։ Բայց ցավոք, Հայաստանում գործող ԱՄՆ դեսպանատանը նման մարդկանց բացակայությունն ակներև է։ Այստեղ նախընտրում են այլ տիպի գործունեություն։ Սադրանքներ, բամբասանք, երկրի ներքին գործերի միջամտություն, ազդեցության լծակներ ձևավորում, գործակալների ցանցի զարգացում, իսկ հիմա նաև ահաբեկություն։ Ահա դեսպան Միլզի ձեռքի տակ գտնվող գործիքակազմը։

Բոլոր այս իրողություններն անհնար է առանց ցավի արձանագրելը։ Միացյալ Նահանգներն այն երկրներից մեկն է, որի ներդրումը մեր պետականության կայացման գործին անգնահատելի է։ Միևնույն ժամանակ անթույլատրելի է, որպեսզի այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները փորձեն սպառնալիքի ու ահաբեկման միջոցով երկրում քաղաքական կամ հասարակական օրակարգ թելադրել։ Իհարկե, կոնկրետ Միհրան Հակոբյանի դեպքում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այդ մեթոդներով ոչ մի հաջողությունչեն կարող ունենալ։ Բայց դա չի նշանակում, որ աղաղակող այս փաստն էլ պետք է արժանանա հասարակական այն անտարբերությանը, որը եղավ դեսպանի շուրթերից հնչած սպառնալիքի ժամանակ։ Ի վերջո, չի բացառվում, որ հաջորդ «զոհը» անպատրաստ լինի դեպքերի նման զարգացմանը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

P.S. Ի դեպ, հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են «Open World 2016» ծրագրի Հայաստանը ներկայացնող մնացած մասնակիցները։ Բավարար չափով կամքի ուժ կունենա՞ն ծրագրից հրաժարվելու համար, թե՞ ԱՄՆ մեկնելու գայթակղությունը կհաղթի մասնագիտական պատվո վարքականոնն ու հայրենասիրության զգացմունքները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում