Վրաստանի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նոր քաղաքական դաշինք

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում նշանակված խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նոր քաղաքական միավորում, որի կազմում կլինեն վրացի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի եւ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նախկին զինակիցների կուսակցությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բուրչուլաձեի եւ երեք կուսակցությունների ղեկավարների միջեւ կոնսուլտացիաներ են անցկացվել երկու օրվա ընթացքում: Նոր միավորումը կոչվելու է «Պաատա Բուրչուլաձեի պլատֆորմ- պետություն ժողովրդի համար», որի մեջ կմտնեն «Շարժում-պետություն ժողովրդի համար», «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի», «Քաղաքացիական պլատֆորմ- Նոր Վրաստան» եւ «Նոր աջեր» կուսակցությունները:

«Մենք միավորվեցինք հարկավոր պահին, այն ժամանակ, երբ մեր կուսակցության վրա շատ ուժեղ ճնշում էր գործադրվում… Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի, իշխանության գալով, ոչ թե չորս տարում, այլ մի քանի ամսվա ընթացքում բարելավենք մեր քաղաքացիների կյանքը»,- հայտարարել է Բուրչուլաձեն բրիֆինգի ժամանակ:

Քաղաքական գործչի խոսքով՝ միավորման գլխավոր գերակայություններն են՝ անդամակցությունը ՆԱՏՕ-ին, արեւմտամետ քաղաքականությունը, երկրի տնտեսության աճը եւ արդար Վրաստանի ստեղծումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում