Զարիֆը մտադիր է ԱՄՆ-ի կողմից Գործողությունների պլանի խախտումները քննարկել Վիեննայի հանդիպմանը

Իրանը մտադիր է համատեղ հանձնաժողովի՝ մոտ ապագայում Վիեննայում կայանալիք հանդիպմանը քննարկել ԱՄՆ-ի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) խախտումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մենք մտադիր ենք մոտ ապագայում եւս մեկ հանդիպում անցկացնել համատեղ հանձնաժողովի հետ, որի ժամանակ կքննարկվի ԳՀՀՊ-ի գծով ԱՄՆ-ի կողմից չկատարվող պարտականությունները, ինչպես նաեւ այլ հարցեր»,- Զարիֆի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարման շուրջ «վեցյակի» եւ Իրանի համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը պլանավորված է սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում: ՄԱԿ-ի ԱԽ-ն հուլիսի 20-ին ընդունեց 2231 բանաձեւը՝ ի պաշտպանություն Գործողությունների համատեղ համապարփակ պլանի: Հունվարի 16-ին Իրանն ազատվեց երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեծ մասից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում